Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ սկսելու ապագա համաձայնագրի պայմանների քննարկումը, եթե Վաշինգտոնը կառուցողական դիրքորոշում ընդունի եւ դադարի միջուկային ծրագրի ամբողջական վերացման մասին պահանջներ ներկայացնելուց։ Այդ մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
«Մենք կկարողանանք բանակցություններ սկսել հնարավոր գործարքի շուրջ, եթե ամերիկացիները կառուցողական դիրքորոշում ընդունեն։ [․․․] Իրանի կողմից ուրանի հարստացման հարցը իրական խնդիր է, եւ մենք պատրաստ ենք աշխատելու վստահության ամրապնդման ուղղությամբ՝ չնայած որոշ մտահոգություններին: Բայց հարստացման սկզբունքն ինքնին քննարկման ենթակա չէ»,-նշել է Արաղչին լրագրողների հետ զրույցի ժամանակ։
Արաղչիի խոսքերով՝ ամերիկյան կողմը շարունակում է հակասական հայտարարություններ հնչեցնել Իրանի նկատմամբ իր պահանջների վերաբերյալ, սակայն «բանակցությունների սեղանի շուրջ բոլոր դիրքորոշումներն ավելի պարզ են դառնում»։ Նա միեւնույն ժամանակ ընդգծել է, որ Իրանը որեւէ ճնշման չի ենթարկվի բանակցությունների ընթացքում։
Իրանի ներկայացուցիչների հետ Օմանի մայրաքաղաք Մասքատում տեղի ունեցած բանակցությունների ժամանակ ամերիկյան պատվիրակության ղեկավար, ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը X-ի իր էջում գրել էր, որ Վաշինգտոնի պայմաններով նոր միջուկային համաձայնագրի կնքումը կնշանակի իրանական ուրանի հարստացման ծրագրի վերացում։
Օմանի միջնորդությամբ Իրանի եւ ԱՄՆ-ի պատվիրակությունների անուղղակի բանակցությունները տեղի ունեցան ապրիլի 12-ին։ Ինչպես ավելի վաղ հայտնել են Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպումն անցել է կառուցողական եւ հանգիստ մթնոլորտում, եւ կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները։ Բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին։