Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ իսրայելական զորքերը անորոշ ժամանակով կմնան ինչպես Գազայի հատվածում, այնպես էլ Լիբանանի եւ Սիրիայի տարածքներում ստեղծված, այսպես կոչված, անվտանգության գոտիներում։ Այդ մասին հաղորդում է AP-ը։
«Ի տարբերություն նախորդ գործողությունների՝ Իսրայելի պաշտպանության բանակը չի լքում գրավված եւ մաքրված տարածքները»,- հայտարարել է Կացը։
Նրա խոսքերով՝ զինվորականները «կմնան անվտանգության գոտիներում որպես բուֆեր թշնամու եւ իսրայելական բնակավայրերի միջեւ, ինչպես Գազայում, այնպես էլ Լիբանանում եւ Սիրիայում՝ անկախ այն հանգամանքից՝ այդ իրավիճակը ժամանակավոր է, թե մշտական»։
Կացը այս հայտարարությունները հնչեցրել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման հետ հրադադարի շուրջ շարունակվող բանակցությունների ֆոնին։
Նշենք, որ հունվարի կեսերին ԱՄՆ-ի, Կատարի եւ Եգիպտոսի միջնորդությամբ ձեռք բերված հրադադարը չեղարկվեց մարտի սկզբին, երբ Իսրայելի պաշտպանության բանակը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի հատվածում, որի համար որպես պատճառ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն նշել էր ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆի՝ հրադադարի երկարաձգման առաջարկած ծրագրից ՀԱՄԱՍ-ի հրաժարումը։
Չնայած «Հեզբոլլահ» շարժման եւ Լիբանանի կառավարության հետ նախորդ տարի ձեռք բերված պայմանավորվածությանը՝ Իսրայելը նաեւ հրաժարվում է զորքերը Լիբանանի հարավային շրջաններից դուրս բերելուց։ Ինչ վերաբերում է Սիրիային, ապա այստեղ էլ 2024 թվականի դեկտեմբերի սկզբին նախագահ Բաշար ալ-Ասադի վարչակարգի տապալումից հետո Իսրայելի բանակը ցամաքային գործողություններ իրականացրեց Գոլանի բարձունքների շրջանում եւ վերահսկողության տակ վերցրեց հարակից մի շարք տարածքներ։ Իսրայելի վարչապետը պնդեց, որ նման քայլով ապահովվում է երկրի անվտանգությունը, եւ իսրայելական զորքերը կշարունակեն այնտեղ մնալ այնքան ժամանակ, որքան կպահանջվի։