Ատոմային էներգիայի միջազգային գործակալության (ԱԷՄԳ) գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին կարծում է, որ Իրանը մոտ է սեփական միջուկային զենք ստեղծելուն։
«Թեեւ Իրանը բավականաչափ նյութ ունի ոչ թե մեկ, այլ մի քանի ռումբ ստեղծելու համար, սակայն միջուկային զենք դեռ չունի։ Դա նման է խճանկարի. նրանք ունեն կտորներ, եւ մի օր կարող են դրանք միասին հավաքել: Սա դեռ որոշ ժամանակ կպահանջի, բայց պետք է խոստովանել, որ նրանք արդեն հեռու չեն դրանից»,- ասել է Գրոսսին Le Monde թերթին տված հարցազրույցում։
Ինչպես նշել է ԱԷՄԳ-ի ղեկավարը, վերջին չորս տարիների ընթացքում, գործակալության դիտարկումների համաձայն, Իրանը «թափ է հավաքում այս ոլորտում»։
Մեկնաբանելով Թեհրանի միջուկային ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ խորհրդակցությունները՝ Գրոսսին ասել է, որ ցանկացած համաձայնագիր անիմաստ կլինի «առանց անկախ ստուգման եւ մշտադիտարկման համակարգի, որը կարող է տրամադրել միայն ԱԷՄԳ-ն»։
«Մենք ներգրավված չենք [Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս] Արաղչիի եւ [ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն] Ուիթքոֆի միջեւ երկկողմ բանակցությունների մեջ, բայց մենք անտարբեր չենք։ Նրանք հիանալի հասկանում են, որ մենք պետք է մեր կարծիքը հայտնենք հնարավոր համաձայնագրի վերաբերյալ, քանի որ այն ստուգելը մեր գործն է լինելու։ Ուստի նրանց հետ մենք արդեն ոչ պաշտոնական կարծիքների փոխանակում ենք ունեցել»,- ասել է Գրոսսին։
Ապրիլի 14-ին Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին հայտարարեց, որ Գրոսսին Թեհրան է ժամանելու ապրիլի 16-ի երեկոյան, եւ որ Իրանի մայրաքաղաքում նախատեսված են հանդիպումներ Արաղչիի եւ Իրանի ատոմային էներգիայի կազմակերպության ղեկավար Մոհամմադ Էսլամիի հետ։
ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչների միջեւ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար բանակցությունները տեղի ունեցան ապրիլի 12-ին Օմանում։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր Արաղչին, ԱՄՆ-ինը՝ Ուիթքոֆը։ Ինչպես հայտնել էին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպումն անցել էր կառուցողական եւ հանգիստ մթնոլորտում, եւ կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները։ Բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին։