Իսրայելը ծրագրել էր մայիսին հարվածներ հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, սակայն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է իսրայելական հարձակմանը աջակցելուց՝ նախընտրելով Թեհրանի հետ բանակցություններ վերջինիս միջուկային ծրագրի սահմանափակման շուրջ։ Այդ մասին գրում է The New York Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Պարբերականի զրուցակիցների հաղորդմամբ՝ Թրամփի որոշմանը նախորդել էին նրա վարչակազմի ներսում ամիսներ տեւած ներքին քննարկումները։ Այդ ընթացքում ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ղեկավար գեներալ Մայքլ Կուրիլլան եւ ազգային անվտանգության խորհրդական Մայք Ուոլցը հիմնականում քննարկել են, թե ինչպես կարող էր ԱՄՆ-ը աջակցել իսրայելական հարձակմանը։
Սակայն հաջորդ հանդիպումներից մեկում Ազգային հետախուզության տնօրեն Թալսի Գաբարդը ներկայացրել էր նոր գնահատական, ըստ որի՝ տարածաշրջանում ամերիկյան զինված ուժերի կուտակումը կարող է հանգեցնել Իրանի հետ ավելի լայնածավալ բախման, ինչը Վաշինգտոնը չի ցանկանում։ Նման մտահոգություն էին հայտնել պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վանսը եւ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավար Սյուզի Ուայլսը։
Իսրայելի այն պաշտոնյաները, որոնք մշակել էին Իրանի միջուկային օբյեկտներին հարվածներ հասցնելու ծրագրերը, երբեմն լավատես էին ԱՄՆ աջակցությունը ստանալու հարցում։ NYT-ի աղբյուրների տվյալներով՝ հարվածների նպատակը պետք է լիներ միջուկային զենք ստեղծելու Թեհրանի կարողությունը որոշակի ժամանակով հետ մղելը։ Սակայն մշակված գրեթե բոլոր ծրագրերը պահանջում էին ԱՄՆ-ի աջակցությունը, եւ դա վերաբերում էր ոչ միայն Իրանի պատասխան հարվածներից Իսրայելի պաշտպանության կազմակերպմանը, այլեւ հենց հարձակման հաջողությունն ապահովելուն։
Ապրիլի 7-ին Վաշինգտոնում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ կայացած հանդիպման ժամանակ Դոնալդ Թրամփը հայտնել էր, որ հրաժարվում է իսրայելական հարձակմանը աջակցելուց։ Այդ նույն օրը Թրամփը հրապարակայնորեն հայտարարել էր Իրանի հետ սպասվող բանակցությունների մասին։ Հանդիպման արդյունքներով առաջին հայտարարության մեջ, որը Նեթանյահուն գրել էր եբրայերեն, նշվում էր, որ Իրանի հետ համաձայնագիրը կարող է գործել միայն այն դեպքում, եթե բոլոր միջուկային օբյեկտները պայթեցվեն, իսկ սարքավորումները «ապամոնտաժվեն ամերիկյան կողմի վերահսկողությամբ եւ ամերիկյան կողմի գործողություններով»։
ԱՄՆ-ի եւ Իրանի ներկայացուցիչների միջեւ իրանական միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի կարգավորման համար բանակցությունները տեղի ունեցան ապրիլի 12-ին Օմանում։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր Արաղչին, ԱՄՆ-ինը՝ Ուիթքոֆը։ Ինչպես հայտնել էին Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպումն անցել էր կառուցողական եւ հանգիստ մթնոլորտում, եւ կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները։ Բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա ապրիլի 19-ին։