«Երբեմն մենք ունենում ենք այն զգացումը, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ»։ Այդ մասին հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը Թուրքիայում գործող մի քանի լրատվամիջոցներին տված հարցազրույցում։
Հայաստանի ատգործնախարարն այս միտքը հայտնել էր՝ պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչպիսին է հայկական կողմի գնահատականը Ադրբեջանի կողմից Սահմանադրության փոփոխության, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման եւ ԵՄ մոնիտորինգային խմբի հեռացման պահանջների շուրջ, արդյո՞ք Բաքուն դրանք ներկայացնում է բարի մտադրություններով, թե՞ ավելի լայն պատկերացում ու օրակարգ ունի։
«Ընդհանրապես, կարծում եմ՝ հիմնական խնդիրը հենց Ձեր հարցում է։ Ոչ թե Սահմանադրությունը, ոչ թե Մինսկի խումբը, ոչ էլ որեւէ այլ բան։ Խնդիրն այն է, որ երբեմն մենք ունենում ենք այն զգացումը, որ Ադրբեջանը պարզապես չի ցանկանում խաղաղություն կառուցել Հայաստանի հետ։ Թե ինչ հաշվարկներից ելնելով՝ չեմ կարող ասել, բայց մենք իսկապես մտահոգություն ունենք, որ նրանք չեն ցանկանում ավարտին հասցնել կարգավորումը, չեն ցանկանում ավարտին հասցնել բանակցությունները եւ ստորագրել խաղաղության պայմանագիրը»,- ասել է Միրզոյանը։
Արտգործնախարարը նաեւ հիշեցրել է, որ Երեւանը Բաքվին ներկայացրել է մի շարք առաջարկներ՝ հաղորդակցության վերականգնման, փոխադարձ վստահության ամրապնդման, այդ թվում՝ փոխադարձ վերիֆիկացիայի եւ սպառազինությունների վերահսկման ուղղություններով։
«Ցավոք, որեւէ կառուցողական արձագանք չենք ստացել։ Ընդհանուր տպավորությունն այնպիսին է, որ ադրբեջանական կողմը պարզապես շահագրգռված չէ կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու մեջ եւ իրականում պատրաստակամ չէ խաղաղություն կառուցելու։ Ավելին՝ մենք պարբերաբար ականատես ենք լինում լարվածության նոր դրսեւորումների ինչպես Ադրբեջանի ղեկավարության հռետորաբանության մեջ, այնպես էլ իրավիճակի իրական զարգացման առումով, ինչը, ցավոք, կարող է հանգեցնել նաեւ գետնի վրա էսկալացիայի»,- ասել ՀՀ ԱԳ նախարարը։
Միրզոյանը նաեւ լրագրողներին նշել է, որ հայկական հասարակական կարծիքը դիտարկելու դեպքում նկատելի կդառնա, որ Հայաստանի քաղաքացիների զգալի մասն ունի ձեւավորված կարծիք, թե Ադրբեջանը հետագա ծրագրեր ունի նոր հարձակում իրականացնելու վերաբերյալ։
Միրզոյանը իր խոսքում նաեւ շեշտեց Անկարայի դերակատարման կարեւորությունը՝ միեւնույն ժամանակ բացատրելով, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը թուրքական իշխանությունները կապում են հենց հայ-ադրբեջանական կարգավորման հետ։
«Ընդհանուր տպավորությունս հետեւյալն է. Թուրքիան ասում է՝ այո՛, մեր երկկողմ գործընթացը լավ է ընթանում, ունենք այս ծրագիրը, այն ծրագիրը, ունենք Հայաստան–Թուրքիա հարաբերությունների լիարժեք կարգավորման մտադրություն, բայց չենք կարող այն ամբողջությամբ ավարտին հասցնել, քանի դեռ Հայաստան-Ադրբեջան կարգավորումը լիովին իրականացված չէ։
Այսինքն՝ մեր ընկալումն այն է, եւ դա նաեւ իմ անձնական տեսակետն է, որ եթե սկսենք հակառակ կողմից, եթե կարողանանք լիարժեք կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, դա միանշանակ ու անկասկած դրական ազդեցություն կունենա նաեւ հայ-ադրբեջանական կարգավորման վրա»,- ասել ՀՀ ԱԳ նախարարը։