Թբիլիսիում ընթանում է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների տեղակալների եռակողմ հանդիպումը։
Հանդիպումը բացել է Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչորիշվիլին, որից հետո այն շարունակվել է փակ ձեւաչափով՝ փոխատրգործնախարարներ Լաշա Դարսալիայի, Էլնուր Մամեդովի եւ Վահան Կոստանյանի մասնակցությամբ։
Բոչորիշվիլին իր բացման խոսքում նշել է, որ դիվանագետների հանդիպման նպատակը հնարավոր ուղղությունների շուրջ կարծիքների փոխանակումն է, որոնք կարող են հիմք դառնալ տարածաշրջանում եռակողմ համագործակցության գործընթացի համար։
«Այն, ինչը մեզ միավորում է եւ այսօր հավաքել է այս սեղանի շուրջը, Վրաստանի անկեղծ ցանկությունն է՝ նպաստելու տարածաշրջանային համագործակցության զարգացմանը եւ ընդհանուր շահերի սահմանմանը։ Հարավային Կովկասը ռազմավարական նշանակության տարածաշրջան է, որն ունի հսկայական ներուժ, որը մենք կարող ենք իրացնել միասին։ Տարածաշրջանի վերաբերյալ մեր տեսակետների փոխանակումը եւ եռակողմ համագործակցության հնարավորությունների ուսումնասիրությունը հրատապ անհրաժեշտություն է»,- ասել է Բոչորիշվիլին:
Վրաստանի արտաքին գործերի նախարարի առաջին տեղակալ Լաշա Դարսալիան էլ, իր հերթին, լրագրողներին հայտնել է, որ հանդիպմանը քննարկվելու են եռակողմ համագործակցության հնարավորությունները։
«Կբացահայտվեն երեք երկրների համար հետաքրքրություն ներկայացնող պոտենցիալ ոլորտները եւ համագործակցության հնարավոր ոլորտները, որպեսզի տարածաշրջանի պետությունները կարողանան համատեղ մոտեցումներ մշակել մի շարք հարցերի վերաբերյալ»,- ասել է վրացի դիվանագետը։
Ավելի վաղ Հայաստանի արտգործնախարարությունը հայտարարել էր, որ այսօր Թբիլիսիում ընթանալու է Հայաստանի, Վրաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների տեղակալների եռակողմ հանդիպում՝ նվիրված տարածաշրջանային համագործակցության հեռանկարներին: