Ադրբեջանն ազատ եւ անարգել հաղորդակցություն է ակնկալում Նախիջեւանի հետ եւ շարունակում է ջանքեր գործադրել այդ ուղղությամբ։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը Սլովենիայի արտգործնախարար Տանյա Ֆայոնի հետ համատեղ ասուլիսում։
«Ադրբեջանի արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ անարգել հաղորդակցության թեման դեռ բաց է։ Այս հարցի շուրջ երկար ժամանակ ինտենսիվ բանակցություններ են ընթանում։ Ցավոք, մինչ օրս գործնական արդյունք չի գրանցվել։ Բացի հաղորդակցությունների ապաշրջափակումից՝ Ադրբեջանը հատուկ մոտեցում է պահանջում արեւմտյան շրջանների եւ Նախիջեւանի միջեւ կապի հաստատման հարցում։ Որովհետեւ նման բան չկա, որ մի երկիր բաժանված լինի երկու մասի։ 2020 թվականին Հայաստանը ստանձնել է անարգել հաղորդակցության պարտավորություն, եւ այդ պարտավորությունը պետք է կատարվի։ Ադրբեջանի համար Նախիջեւանի հետ այս շփումը պետք է անարգել լինի, որեւէ խոչընդոտ չպետք է լինի»,- հայտարարել է Բայրամովը։
Ըստ Ադրբեջանի արտգործնախարարի՝ Նախիջեւանի հետ կապի հարցը պետք է այնպես լուծել, որ Հայաստանի օրենսդրության հետագա փոփոխությունները չազդեն այս իրավիճակի վրա կարճաժամկետ, երկարաժամկետ կամ միջնաժամկետ հեռանկարում:
Բայրամովն իր խոսքում նաեւ նշել է, որ Խորհրդային Միության տարիներին անխոչընդոտ տեղաշարժ հնարավոր է եղել ապահովել Նախիջեւանի հետ, սակայն հետագայում սկսված հակամարտության հետեւանքով շուրջ 300 հազար ադրբեջանցիներ հայտնվել են «բլոկադայի» մեջ։
«Անկախ քաղաքական կոնֆիգուրացիայի ցանկացած փոփոխության տարրերից՝ Ադրբեջանն ակնկալում է ազատ եւ անարգել հաղորդակցություն, եւ այս ուղղությամբ մեր ջանքերը շարունակվում են»,- հայտարարել է Բայրամովը։
Հիշեցնենք՝ դեռ տարեսկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւն էր հայտարարել, որ Բաքուն դեպի Նախիջեւանի Ինքնավար Հանրապետություն անխոչընդոտ հաղորդակցություն է պահանջում Հայաստանից։
Երեւանից էլ տարբեր մակարդակներով բազմիցս են հայտարարել, որ պատրաստ են ճանապարհ տրամադրելու Ադրբեջանի արեւմտյան հատվածների եւ Նախիջեւանի միջեւ կապն ապահովելու համար, սակայն դա պետք է կյանքի կոչել միջանցքային տրամաբանությունից դուրս՝ երկրների տարածքային ամբողջականության եւ ինքնիշխանության հարգման շրջանակում։