«Ղարաբաղյան շարժումը շարունակելու ցանկացած փորձ կործանարար է, որովհետեւ այն եղել եւ լինելու է գործիք Հայաստանի պետականությունը, անկախությունը, ինքնիշխանությունը թույլ չտալու համար»։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում ելույթի ժամանակ հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ցավոք, մենք սա շատ ուշ ենք հասկացել, իսկ ընդդիմությունը, ըստ էության, ասում է, որ Հայաստանի պետականությունը մի նպատակ եւ իմաստ է ունեցել եւ ունի՝ Ղարաբաղյան շարժում, Ղարաբաղի հարց, ուրեմն ղարաբաղյան շարժումը պետք է շարունակել՝ անկախ նրանից, թե դա ինչ հետեւանքներ կունենա»,- հայտարարել է Փաշինյանը
Վարչապետն իր խոսքում նշեց, որ 1989 թվականին անկախության գաղափարը գերակշռել է այն բանի արդյունքում, որ Ղարաբաղ կոմիտեն կորցրել է ԽՍՀՄ իրավակարգի շրջանակում Ղարաբաղի հարցը լուծելու հույսը։
«Իհարկե, անկախության հռչակումից եւ ձեռքբերումից հետո պետականության կայացման օրակարգը գոյություն է ունեցել միշտ, բայց շուրջ 30 տարի մենք կառուցել ենք պետության մոդել, որը հիմնականում կամ առավելապես նվիրված է եղել Ղարաբաղի հարցի լուծմանը, Ղարաբաղյան շարժմանը եւ հանուն դրա ամեն ինչ զոհաբերելու տրամաբանությանը»,- հայտարարել է Փաշինյանը:
Ըստ վարչապետի, եթե Ղարաբաղյան շարժումը Հայաստանի համար եղել է միջոց Ղարաբաղի հարցը սեփական պատկերացումների շրջանակներում լուծելու համար, ապա որոշ արտաքին դերակատարների համար այն եղել է «Հայաստանի անկախությունը, պետականությունը, զարգացումը, բարեկեցությունը թույլ չտալու», ինչպես նաեւ պետականությունից զրկելու գործիք։
Հիշեցնենք՝ մարտի 26-ին վարչապետ Փաշինյանը կրկին Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ «Ղարաբաղյան շարժումը չպետք է շարունակենք»։ Նա նաեւ նշել էր, որ ցանկանում է համոզված լինել, որ Ադրբեջանում չի սկսվի «Արեւմտյան Ադրբեջանի» շարժում։