Թբիլիսիում այսօր՝ ապրիլի 17-ին, կայացավ Վրաստանի, Հայաստանի եւ Ադրբեջանի փոխարտգործնախարարներ Լաշա Դարսալիայի, Վահան Կոստանյանի եւ Էլնուր Մամեդովի եռակողմ հանդիպումը։
Հայաստանի արտգործնախարարության տարածած հայտարարության համաձայն՝ հանդիպումը կազմակերպվել էր ՀՀ արգործնախարար Արարատ Միրզոյանի, Վրաստանի արտգործնախարար Մակա Բոչկորաշվիլիի եւ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի նախաձեռնությամբ։
Ըստ հաղորդագրության՝ կողմերը հանդիպման մեկնարկին ողջունել են հարավկովկասյան երեք երկրների առաջին եռակողմ հանդիպումը եւ ընդգծել, որ երեք երկրներն ունեն միմյանց ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքի վրա հիմնված համագործակցության չիրացված ներուժ։
«Հանդիպումը միտված էր առաջ մղելու ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում եռակողմ համագործակցությունը՝ նպատակ ունենալով նպաստելու տարածաշրջանում կայուն զարգացմանն ու բարգավաճմանը: Ավելին՝ այս ոլորտներում համագործակցությունը կարող է խթանել ընդհանուր մարտահրավերների հասցեագրումը եւ, ի վերջո, նպաստել Հարավային Կովկասի տարածաշրջանում երկարաժամկետ կայունության հաստատմանն ու արագընթաց զարգացմանը: Հանդիպման ընթացքում զրուցակիցները փոխանակվել են մտքերով եւ համագործակցության հնարավոր ոլորտների վերաբերյալ տեսլականներով»,- ասվում է ՀՀ ԱԳ նախարարության հայտարարության տեքստում։
Զրուցակիցները նաեւ կարեւորել են հանդիպման դրական եւ կառուցողական միջավայրը, որը նախնական փուլ է՝ միտված վստահության ձեւավորմանը եւ երկխոսության ավելի բարձր մակարդակում շարունակությանը: