Հայաստան–Ադրբեջան նոր սրացում եւ նոր պատերազմ չի լինելու, լինելու է խաղաղություն։ Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Վարչապետն ընդգծել է, որ Հայաստանն ու Ադրբեջանը արդեն ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը եւ սահմանների անխախտելիությունը, որին կողմերը նաեւ իրավական ուժ են հաղորդել սահմանների սահմանազատման հանձնաժողովների համատեղ կանոնակարգի ստորագրմամբ եւ այն վավերացնելով։
Փաշինյանը եւս մեկ անգամ հիշեցրել է, որ այդ փաստաթղթում Ալմաթայի հռչակագիրը որպես սահմանազատման բազային սկզբունք ընդունելով՝ թե՛ Հայաստանը, թե՛ Ադրբեջանը Ալմաթայի հռչակագիրն ըստ էության դարձրել են ընդհանրապես հարաբերությունների կարգավորման բազային սկզբունք:
«Հայաստանի կառավարությունը չի անելու հայտարարություններ ու գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը: Եվ կոչ եմ անում Ադրբեջանի կառավարությանը՝ չանել հայտարարություններ ու գործողություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են այս տրամաբանությանը կամ կասկածի տակ են դնում այս տրամաբանությունը»,– ասաց վարչապետը։
Ընդգծելով, որ Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի տեքստը համաձայնեցված է՝ Փաշինյանը հայտարարեց․ «Մոռացեք Հայաստան–Ադրբեջան էսկալացիայի եւ պատերազմի մասին: Հարավային Կովկասի պատմության նոր էջը պետք է բացենք միասին: Եվ մենք պատրաստ ենք միաժամանակ ստորագրելու խաղաղության համաձայնագիրն ու Մինսկի խմբի կառույցները լուծարելու մասին Հայաստան–Ադրբեջան համատեղ դիմումը ԵԱՀԿ–ին»։