Վաշինգտոնը սպասում է, որ այս շաբաթ Մոսկվայից պատասխան կստանա Ուկրաինայում կրակի դադարեցման առաջարկի վերաբերյալ, հայտնել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը։
«Կտեսնենք՝ ինչ կլինի։ Մենք նրանցից տեղեկություն կստանանք այս շաբաթ՝ շատ շուտով, եւ կտեսնենք։ Բայց մենք ցանկանում ենք, որ սա [պատերազմը] դադարի։ Մենք ցանկանում ենք, որ մահն ու սպանությունները դադարեն»,– հայտարարել է Թրամփը Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնիի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Այսպես նա պատասխանել է լրագրողի այն հարցին, թե որքան ժամանակ կպահանջվի, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանի կրակի դադարեցման ԱՄՆ-ի առաջարկին։
ԱՄՆ նախագահի հայտարարության տեսանյութը հրապարակել է Rapid Response 47-ը, որը ներկայացվում է որպես Թրամփի վարչակազմի արագ արձագանքման պաշտոնական ալիք։
REPORTER: How much longer does Putin have to respond to your ceasefire proposal?@POTUS: “We’ll see… We’re going to be hearing from them this week… but we want it to stop. We want the death and the killing to stop.” pic.twitter.com/Xbz5EusLZh
— Rapid Response 47 (@RapidResponse47) April 17, 2025
Ռուսաստանի եւ Ուկրաինայի պատերազմը դադարեցնելու շուրջ բանակցությունները ԱՄՆ-ը սկսել էր փետրվարի կեսերին։ Այդ ժամանակից ի վեր Դոնալդ Թրամփը մի քանի անգամ առանձին խոսել է Վլադիմիր Պուտինի եւ Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ երեք երկրների ներկայացուցիչները մի քանի փուլով բանակցություններ են վարել Սաուդյան Արաբիայում։
Բանակցությունների ընթացքում ԱՄՆ-ը կողմերին առաջարկել է 30 օրով ամբողջական հրադադար հաստատել։ Կիեւը համաձայնել է, իսկ Մոսկվան` փաստացի մերժել։ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ աջակցում է այդ գաղափարին, բայց «կան նրբություններ», որոնք պետք է քննարկվեն։
Մարտի վերջում Դոնալդ Թրամփը հայտարարեց, որ Ռուսաստանի համար սահմանվել է «հոգեբանական վերջնաժամկետ»՝ հրադադարի վերաբերյալ համաձայնության գալու համար։ Սահմանված հստակ ամսաթիվ նա չէր նշել։ Ապրիլի սկզբին Fox News-ի աղբյուրները հայտնել էին, որ ԱՄՆ նախագահը կարծում է, թե Պուտինը «ժամանակ է ձգում», եւ Սպիտակ տանը քննարկվում է «ագրեսիվ պատժամիջոցների կիրառման» տարբերակը։
Axios-ի աղբյուրների համաձայն՝ եթե մինչեւ ապրիլի վերջ չհաջողվի պայմանավորվել հրադադարի մասին, Թրամփը կարող է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի Դաշնության նկատմամբ։