Ռուսաստանի Գերագույն դատարանը բավարարել է գլխավոր դատախազի հայցը «Թալիբան» շարժման գործունեության արգելքը ժամանակավորապես դադարեցնելու վերաբերյալ, հաղորդում է ՏԱՍՍ-ը։
Որոշումն ուժի մեջ է մտնում անմիջապես, ինչը նշանակում է, որ «Թալիբանը» կհանվի ահաբեկչական կազմակերպությունների ցանկից։ Գերագույն դատարանի նիստը կայացել է փակ ռեժիմով։
«Թալիբան» շարժումը, որն Աֆղանստանում իշխանության եկավ 2021 թվականին, Ռուսաստանում որպես ահաբեկչական կազմակերպություն ճանաչվել էր դեռեւս 2003 թվականին, երբ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը այն ներառել էր համապատասխան ցանկում։ Այդ կարգավիճակի վերացման հարցը Ռուսաստանում քննարկվել է նաեւ ավելի վաղ։
2020 թվականին Աֆղանստանի հարցերով Ռուսաստանի նախագահի հատուկ ներկայացուցիչ Զամիր Կաբուլովը հայտարարել էր, որ «Թալիբանին» ահաբեկչական կազմավորումների ցանկից բացառելը կարող է տեղի ունենալ այն դեպքում, եթե ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն ընդունի համապատասխան որոշում։
2021 թվականի հոկտեմբերին Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը մոտենում է «Թալիբան»-ը ահաբեկչական կազմակերպությունների ցանկից հանելու «որոշման ընդունմանը», սակայն այդ որոշումը, ինչպես նշել էր նա, պետք է ընդունվի ՄԱԿ-ի կողմից։ Այդուհանդերձ, Պուտինը հավելել էր, որ Ռուսաստանը «համագործակցում է «Թալիբան»-ի ներկայացուցիչների հետ, նրանց հրավիրում է Մոսկվա եւ նրանց հետ կապի մեջ է հենց Աֆղանստանում»։
2024 թվականի դեկտեմբերին Պետդուման ընդունեց օրենք, որը թույլ է տալիս կազմակերպություններին հանել ահաբեկչական կազմակերպությունների ցանից։ Օրենքը ստորագրեց Վլադիմիր Պուտինը։ Փաստաթղթի համաձայն՝ ահաբեկչական կազմակերպության գործունեության արգելքը կարող է հանվել դատարանի որոշմամբ՝ գլխավոր դատախազի կամ նրա տեղակալի հայցի հիման վրա։
2025 թվականի մարտի վերջին Գլխավոր դատախազությունը դիմեց Ռուսաստանի Գերագույն դատարան՝ խնդրելով դադարեցնել «Թալիբան» շարժման գործունեության արգելքը։