Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Չինաստանին մեղադրել է Ռուսաստանին զենք մատակարարելու համար։ Նրա խոսքերը մեջբերում է «Интерфакс-Украина»-ն։
«Մենք վերջապես ստացել ենք տեղեկություն, որ Չինաստանը զենք է մատակարարում Ռուսաստանին։ Այս պահին մենք ընդհանուր տեղեկություն ունենք [Ուկրաինայի] անվտանգության ծառայությունից եւ հետախուզությունից վառոդի, հրետանու վերաբերյալ։ Եվ կարծում եմ, որ հաջորդ շաբաթ շատ մանրամասն կկարողանանք այդ մասին խոսել»,- նշել է Զելենսկին։
Նա նաեւ հավելել է, որ Կիեւի տվյալներով՝ Չինաստանի ներկայացուցիչները Ռուսաստանի տարածքում մեծ հավանականությամբ զբաղվում են զենքի արտադրությամբ։
Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ պատերազմում Չինաստանը պաշտոնապես չեզոք դիրքորոշում է պահպանում եւ կողմերին կոչ է անում այն ավարտել բանակցությունների միջոցով։ Երկիրը չի միացել Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցներին։
Ապրիլի սկզբին Ուկրաինայի զինված ուժերը գերի էին վերցրել Չինաստանի երկու քաղաքացիների, որոնք ռուսական բանակի կազմում մասնակցել էին պատերազմին։ Պաշտոնական Պեկինը շեշտել էր, որ նրանք գործել են որպես մասնավոր անձինք, եւ որ Չինաստանի ԱԳՆ-ն բազմիցս նախազգուշացրել է ՉԺՀ քաղաքացիներին զերծ մնալ պատերազմին մասնակցելուց։ Գերիները հայտնել են, որ Ռուսաստան են եկել գումար վաստակելու նպատակով, իսկ պատերազմին մասնակցում են խաբեությամբ։