Վաշինգտոնը եվրոպական երկրներին, Ուկրաինային եւ Ռուսաստանին է ներկայացրել «ամուր եւ երկարատեւ խաղաղության ուրվագծերը»։ Այդ մասին ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Թեմի Բրյուսի հայտարարության մեջ։
Նշենք, որ ապրիլի 17-ին Փարիզում մի շարք հանդիպումներ են անցկացվել ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ եվրոպական երկրների պատվիրակությունների մասնակցությամբ։ Մասնավորապես, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ինչպես նաեւ Միացյալ Նահանգների նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Քիթ Քելլոգը երկկողմ բանակցություններ են անցկացրել Ուկրաինայի ներկայացուցիչների՝ նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակի, արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգայի եւ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի հետ։ Այնուհետեւ ԱՄՆ-ի եւ Ուկրաինայի պատվիրակությունները հանդիպել են այսպես կոչված «ցանկացողների կոալիցիայի» երկրների ներկայացուցիչների հետ։
Ելիսեյան պալատը հանդիպումների արդյունքների վրաբերյալ հայտարարության մեջ հաղորդել է, որ Ֆրանսիայի, ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի ներկայացուցիչները պայմանավորվել են շարունակել հրադադարի վերաբերյալ բանակցությունները հաջորդ շաբաթ Լոնդոնում։ Ֆրանսիայի իշխանությունները Փարիզում կայացած հանդիպումը անվանել են «նախադեպը չունեցող ձեւաչափ», որի շրջանակում քննարկվել են «հրադադարի պայմանները»։
ԱՄՆ պետքարտուղարությունից էլ ավելի ուշ հայտնել են, որ հանդիպումներից հետո Մարկո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։ «Պետքարտուղարը ռուս գործընկերոջը փոխանցել է նույն ուղերձը, որը ԱՄՆ թիմը ներկայացրել էր ուկրաինական պատվիրակությանը եւ մեր եվրոպացի դաշնակիցներին Փարիզում. ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը եւ Միացյալ Նահանգները ցանկանում են, որ այս պատերազմը ավարտվի, եւ բոլոր կողմերին ներկայացրել են ամուր եւ երկարատեւ խաղաղության ուրվագծերը»,- ասվում է հայտարարության մեջ։
Թե կոնկրետ ինչ «ուրվագծերի» մասին է խոսքը, չի հստակեցվում։
Առաջարկը հանդիպել է «ոգեւորիչ» արձագանքի Փարիզում։ Այդպիսի վերաբերմունքը, ինչպես նշել են Պետդեպարտամենտում, վկայում է, որ «խաղաղության հասնել հնարավոր է, եթե բոլոր կողմերը հանձն առնեն համաձայնության հասնելու պարտավորությունը»։
ՌԴ ԱԳՆ-ից էլ հայտնել են, որ Լավրովն ու Ռուբիոն հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Ուկրաինայի, Ֆրանսիայի եւ եվրոպական այլ երկրների հետ Փարիզում ԱՄՆ ներկայացուցիչների բանակցությունները։ Լավրովը «հաստատել է ուկրաինական ճգնաժամի պատճառները վստահորեն վերացնելու նպատակով ամերիկացի գործընկերների հետ համատեղ աշխատանքը շարունակելու Մոսկվայի պատրաստակամությունը»։
ԱՄՆ պետքարտուղարը եւ ՌԴ ԱԳ նախարարը պայմանավորվել են պահպանել կապը, այդ թվում՝ «հաշվի առնելով ամերիկացիների եւ եվրոպացիների կողմից հաջորդ շաբաթ ուկրաինական կողմի հետ նախատեսվող հանդիպումները»։