ԱՄՆ-ը կդադարեցնի միջնորդական ջանքերը Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղ համաձայնագրի ձեռքբերման ուղղությամբ մի քանի օրվա ընթացքում, եթե համաձայնսգրի ստորագրման համար հստակ նշաններ չտեսնի։ Ինչպես հաղորդում է Reuters-ը, այդ մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։
Ռուբիոն այս հայտարարությունը հնչեցրել է ապրիլի 17-ի երեկոյան Փարիզում ԵՄ եւ Ուկրաինայի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։
«Մենք պետք է շատ արագ որոշենք, եւ ես խոսում եմ մի քանի օրվա հարցի մասին․ արդյո՞ք հնարավոր է սա իրականացնել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում։ Եթե այո, մենք մասնակցում ենք։ Եթե ոչ, ապա մենք ունենք նաեւ այլ առաջնահերթություններ»,- ասել է նա։
Պետքարտուղարի խոսքերով՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեռեւս հետաքրքրված է համաձայնագրով, սակայն նա ունի «շատ այլ առաջնահերթություններ» աշխարհում եւ «պատրաստ է առաջ շարժվելու», եթե ուկրաինական հակամարտության հարցում առաջընթացի նշաններ չլինեն։
Ռուբիոն ապրիլի 17-ին Փարիզում հանդիպել է Ուկրաինայի եւ եվրոպական «ցանկացողների կոալիցիայի» ներկայացուցիչների հետ։ Դրանից հետո Պետդեպարտամենտը հայտնել է, որ հանդիպման ժամանակ ԱՄՆ-ը ներկայացրել է «ամուր եւ երկարատեւ խաղաղության ուրվագծերը», որից հետո Ռուբիոն հեռախոսազրույց է ունեցել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հետ։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ապրիլի 17-ին հայտարարել էր, որ հրադադարի առաջարկի վերաբերյալ սպասում է ռուսական կողմի պատասխանին։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հրադադարի մասին խոսակցություններն այս փուլում համարել է ոչ իրատեսական։