Ռուսաստանը այլեւս չի հետեւում Ուկրաինայի էներգետիկ օբյեկտների դեմ հարվածների դադարեցման համար սահմանված մորատորիումին։ Այդ մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«[Մորատորիումի] միամսյա ժամկետը, իրոք, ավարտվել է։ Այս պահին գերագույն գլխավոր հրամանատարի՝ նախագահի (Վլադիմիր Պուտինի) կողմից այլ ցուցումներ չեն եղել»,- ասել է Պեսկովը։
Նա չի հստակեցրել թեեւ, թե արդյոք ՌԴ իշխանությունները ապագայում նախատեսում են նոր մորատորիում հայտարարել Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքների ռմբակոծությունները դադարեցնելու համար։
Ռուսաստանը եւ Ուկրաինան մարտին առանձին-առանձին ԱՄՆ-ի հետ պայմանավորվածություն ձեռք բերեցին 30 օրով դադարեցնել էներգետիկ օբյեկտների ռմբակոծությունները։ Սակայն կողմերը մորատորիումի մեկնարկի ժամկետների վերաբերյալ տարբեր մեկնաբանություններ էին տալիս։ Մոսկվայի վարկածով այն ուժի մեջ է մտել մարտի 18-ին, իսկ Կիեւի տարբերակով՝ մարտի 25-ին։
Այդ մեկ ամսվա ընթացքում Ռուսաստանը եւ Ուկրաինան պարբերաբար մեղադրել են միմյանց մորատորիումը խախտելու համար։