Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները հուշագիր են ստորագրել, որը վկայում է ընդերքի վերաբերյալ համաձայնագրի կնքման մտադրության մասին։ Այդ մասին հայտնել է Ուկրաինայի էկոնոմիկայի նախարար Յուլիա Սվիրիդենկոն։
«Պատրաստվում ենք ստեղծելու Ուկրաինայի վերականգնման ներդրումային հիմնադրամ։ Համապատասխան համաձայնագրի միջոցով կբացվեն կարեւոր հնարավորություններ՝ խոշոր ներդրումների, ենթակառուցվածքների արդիականացման եւ Ուկրաինայի եւ ԱՄՆ-ի փոխշահավետ գործընկերության համար։ Հենց այս նպատակով էլ թիմերը աշխատում են փաստաթղթի վրա»,- նշել է նախարարն իր հայտարարությունում։
Սվիրիդենկոյի խոսքերով՝ այժմ կողմերը պետք է «վերջնականացնեն» համաձայնագրի տեքստը եւ այն ստորագրեն։ Գործարքը ուժի մեջ կմտնի, երբ այն վավերացնեն երկու երկրների խորհրդարանները։
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ հայտնել էր, որ կողմերը պատրաստվում են հուշագիր ստորագրելու ապրիլի 17-ին առցանց ձեւաչափով։ Իր հերթին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ երկրները ապրիլի 24-ին կկնքեն ընդերքի վերաբերյալ համաձայնագիրը։
Ուկրաինան եւ ԱՄՆ-ը դեռ փետրվարի վերջին էին նախատեսում համաձայնագիր կնքել, որը ամերիկյան ընկերություններին առաջնահերթ մուտք կտրամադրեր Ուկրաինայի հազվագյուտ հողային մետաղների արդյունահանման ոլորտ։ Սակայն այդ ժամանակ գործարքը տապալվեց Զելենսկու եւ Թրամփի միջեւ Սպիտակ տանը տեղի ունեցած հրապարակային վիճաբանության պատճառով։
Դրանից հետո ԱՄՆ-ը մշակեց ընդերքի վերաբերյալ նոր տարբերակով համաձայնագիր, որտեղ արդեն խոսվում էր Ուկրաինայի բոլոր օգտակար հանածոներին հասանելիության մասին։ Ուկրաինայում նշել էին, որ սա հնարավոր տարբերակներից մեկն է, իսկ պայմանագրի շուրջ քննարկումները դեռ շարունակվում են։