Պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժումը պատրաստ է բանակցություններ սկսելու բոլոր իսրայելցի պատանդների ազատ արձակման շուրջ՝ Գազայի հատվածում ռազմական գործողությունների ամբողջական դադարեցման դիմաց։ Այդ մասին հայտարարել է Գազայում ՀԱՄԱՍ-ի ղեկավար Խալիլ ալ-Հեյան, որի ելույթի տեսաուղերձը հեռարձակել է Al Jazeera հեռուստաալիքը։
«Համասը պատրաստ է անհապաղ բանակցություններ սկսելու, որոնք կհանգեցնեն մեր ունեցած բոլոր պատանդների ազատմանը եւ Իսրայելի բանտերում պահվող պաղեստինցիների ազատմանը: Փոխարենը մենք պահանջում ենք մեր ժողովրդի դեմ պատերազմի ամբողջական դադարեցում եւ իսրայելական բոլոր զորքերի դուրսբերում Գազայի հատվածից, ինչպես նաեւ Գազայի վերականգնում եւ նրա շրջափակման վերացում»,- ասել է Ալ-Հեյան։
Նա հավելել է, որ ՀԱՄԱՍ-ը ողջունում է պատանդների հարցերով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնաց Ադամ Բոհլերի դիրքորոշումը, որը չորեքշաբթի Al Jazeera-ի հետ զրույցում հայտարարել էր, որ Գազայում մարտերը «կդադարեցնեն այն օրը, երբ պատանդները ազատ արձակվեն»։
Ալ-Հեյան նաեւ պնդել է, որ ՀԱՄԱՍ-ը, ի տարբերություն Իսրայելի, համաձայնել է Գազայում հրադադար հաստատելու միջնորդների առաջարկին։
«Գազայում [մարտի 18-ին] Իսրայելի ագրեսիայի վերսկսումից հետո միջնորդները կապվեցին մեզ հետ՝ ճգնաժամից ելք գտնելու համար։ Ռամադան ամսվա վերջին նրանք առաջարկ արեցին, որին մենք համաձայնեցինք, թեեւ հասկացանք, որ [Իսրայելի վարչապետ Բենիամին] Նեթանյահուն ցանկանում է շարունակել պատերազմը, եւ մենք դրանում համոզվեցինք, երբ նա մերժեց միջնորդների նախագիծը, որին մենք հավանություն տվեցինք»,- նշել է ալ-Հեյան:
Հիշեցնենք` Իսրայելը եւ Համասը Գազայում պահվող պատանդներին ազատ արձակելու եւ հրադադար հաստատելու շուրջ պայմանավորվածությունը ձեռք էին բերել հունվարի 15-ին։ Համաձայնագիրը, որը երեք փուլ էր ներառում, ուժի մեջ է մտել հունվարի 19-ին։ Դրա առաջին փուլն ավարտվել է մարտի 1-ին։ Ենթադրվում էր, որ այդ ընթացքում կողմերը պայմանավորվելու էին երկրորդ փուլի իրականացման շուրջ, սակայն դա այդպես էլ տեղի չունեցավ։ Արդեն մարտի 18-ին իսրայելական բանակը վերսկսեց ռազմական գործողությունները։ Նեթանյահուի գրասենյակը դա բացատրեց հրադադարը երկարացնելու վերաբերյալ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի առաջարկը ՀԱՄԱՍ-ի կողմից մերժելով եւ բոլոր պատանդներին ազատ արձակելու նպատակներով։ ՀԱՄԱՍ-ն էլ իր հերթին ռազմական գործողությունների վերսկսման պատասխանատու հայտարարել էր ԱՄՆ-ին եւ Իսրայելին։