Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին տեղեկացրել է իրանական միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջընթացի մասին։
«Մենք շատ մանրամասն քննարկեցինք միջուկային հարցը, խոսեցինք ԱՄՆ-ի հետ բանակցությունների մասին: Ես պարոն Լավրովին տեղեկացրել եմ դրանց առաջընթացի, բովանդակության եւ քննարկվող հարցերի մասին»,- ասել է Արաղչին ՌԴ արտգործնախարարի հետ համատեղ ասուլիսում։
Իրանի արտգործնախարարը նաեւ նշել է, որ Թեհրանը կշարունակի ռուս եւ չինացի գործընկերներին տեղեկացնել ԱՄՆ-ի հետ բանակցությունների մանրամասների մասին եւ հույս ունի, որ Ռուսաստանը կնպաստի իրանական միջուկային ծրագրի շուրջ արդար համաձայնության հասնելուն։
Թեհրանի եւ Վաշինգտոնի ներկայացուցիչների միջեւ միջնորդավորված բանակցությունները կայացել էին Օմանում ապրիլի 12-ին։ Իրանական պատվիրակությունը գլխավորում էր Արաղչին, ԱՄՆ պատվիրակությունը՝ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը։ Ինչպես հայտնում են Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից, հանդիպումն անցել է կառուցողական եւ հանգիստ մթնոլորտում, եւ կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները։ Բանակցությունների երկրորդ փուլը տեղի կունենա Հռոմում ապրիլի 19-ին։