Ռուսաստանի Դաշնության ԱԳ փոխնախարար Միխայիլ Գալուզինը եւ Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ, ՀՀ խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են համագործակցությունը Հարավային Կովկասում եւ տարածաշրջանային «3+3» հարթակի շրջանակում։ Այդ մասին ասվում է ՌԴ արտգործնախարարության հայտարարության մեջ։
«Քննարկվել են ռուս-հայկական հարաբերությունների, ինչպես նաեւ Հարավային Կովկասի տարածաշրջանում փոխգործակցության մի շարք հարցեր, այդ թվում՝ 3+3 տարածաշրջանային համագործակցության պլատֆորմի շրջանակում (Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, գումարած Ռուսաստան, Իրան, Թուրքիա)»,- ասվում է հայտարարության մեջ։
ՌԴ ԱԳՆ-ն նշել է, որ բանակցությունների ընթացքում ռուսական կողմը հաստատել է Երեւանի եւ Անկարայի միջեւ դիրքորոշումները մոտեցնելուն նպաստելու իր պատրաստակամությունը, «քանի որ հայ-թուրքական հարաբերությունների բարելավումը Հարավային Կովկասի կայունության եւ կայուն զարգացման կարեւոր գործոն է»։
Իր հերթին, Հայաստանի խորհրդարանի փոխխոսնակն իր ռուս գործընկերոջը տեղեկացրել է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման ոլորտում վերջին զարգացումների մասին։
Ռուսական կողմի հաղորդմամբ՝ կարծիքների փոխանակումն անցել է կառուցողական մթնոլորտում։