ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Ուկրաինան «այս շաբաթ գործարք կկնքեն»: Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։
«Հուսով եմ՝ Ռուսաստանն ու Ուկրաինան այս շաբաթ գործարք կկնքեն։ Դրանից հետո երկու երկրներն էլ կսկսեն մեծ բիզնես վարել ԱՄՆ-ի հետ, որը ծաղկում է, եւ կհարստանան»,- նշվում է Թրամփի գրառման մեջ։
Թրամփը չի հստակեցրել, թե ինչ «գործարքի» մասին է խոսքը, եւ այլ մանրամասներ չի ներկայացրել։ Մոսկվան եւ Կիեւը դեռեւս չեն մեկնաբանել ԱՄՆ նախագահի հայտարարությունը։
Ապրիլի 17-ին ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հայտարարեց, որ Վաշինգտոնը մի քանի օրվա ընթացքում կդադարեցնի Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ խաղաղության համաձայնության հասնելու ուղղությամբ միջնորդական ջանքերը, եթե համաձայնագրի ստորագրման հստակ նախանշաններ չտեսնի։
Axios-ի տեղեկություններով՝ օրեր առաջ Թրամփը պետքարտուղար Ռուբիոյի, հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի եւ մի շարք առանցքային խորհրդականների հետ զրույցի ընթացքում չէր բացառել, որ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ Ուկրաինայի հակամարտության կարգավորման բանակցություններից, եթե չկարողանա հասնել առաջընթացի։
ԱՄՆ նախագահը հանրայնորեն հաճախ է հայտարարել, որ իր գնահատմամբ թե՛ Ռուսաստանը եւ թե՛ Ուկրաինան «ցանկանում են վերջ դնել» պատերազմին։
Ըստ Bloomberg-ի՝ ամերիկյան կողմը դեռեւս ապրիլի 17-ին Փարիզում կայացած գագաթնաժողովի ժամանակ էր եվրոպացի դաշնակիցներին ներկայացրել Ուկրաինայում «հաստատուն եւ երկարաժամկետ խաղաղություն հաստատելու ուրվագծերը»։ Այդ ծրագիրը նախատեսում է Ռուսաստանի վերահսկողության տակ արդեն հայտնված ուկրաինական տարածքների պահպանում, ինչպես նաեւ Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցների աստիճանական վերացման գործընթաց՝ հրադադարի երկարատեւ պահպանման դեպքում։
New York Post-ը հաղորդել է, որ երկարաժամկետ խաղաղության համաձայնագրի վերջնական տարբերակը նախատեսվում է ներկայացնել այս շաբաթ Լոնդոնում։