Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրլիօղլուի հետ։
Արտգործնախարարության փոխանցմամբ՝ զրուցակիցներն անդրադարձ են կատարել Հայաստանի եւ ԵԱՀԿ-ի միջեւ փոխգործակցության հարցերին, որոնց շրջանակում քննարկվել են նաեւ առանձին ծրագրերի իրականացման գործընթացները։
Միրզոյանը եւ Սինիրլիօղլուն քննարկել են նաեւ տարածաշրջանային հարցեր։
«Հարավային Կովկասում խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերի համատեքստում անդրադարձ է կատարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին, այդ թվում՝ կարեւորելով երկու երկրների միջեւ խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին համաձայնագրի տեքստի համաձայնեցված լինելու հանգամանքը։ Նախարար Միրզոյանը շեշտել է համաձայնագրի ստորագրման կարեւորությունը»,- ասվում է հայտարարության տեքստում:
Բացի այդ՝ նշվում է, որ Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել ԵԱՀԿ Մինսկի խմբի առնչությամբ ՀՀ-ի կողմից հնչեցված մոտեցմանը, ինչպես նաեւ ներկայացրել խաղաղության գործընթացի մյուս բաղադրիչների առնչությամբ Երեւանի առաջ քաշած կառուցողական առաջարկները։
Տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման համատեքստում ընդգծվել են Հարավային Կովկասի մեծ ներուժն ու տարանցիկ հնարավորություններից օգտվելու ժամանակի հրամայականը։
«Հենց այս ընկալումն է դրված ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի հիմքում»,- ասել է Հայաստանի արտգործնախարարը։
Միրզոյանը եւ Սինիրլիօղլուն մտքեր են փոխանակել նաեւ Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացի շուրջ։
Հիշեցնենք՝ մարտի 13-ին Երեւանն ու Բաքուն հայտարարեցին խաղաղության համաձայնագրի տեքստի համաձայնեցման շուրջ բանակցությունների ավարտի մասին։
Հայաստանից բազմիցս են հայտարարել, որ պատրաստ են ադրբեջանական կողմի հետ խորհրդակցություններ սկսելու համաձայնագրի ստորագրման ժամկետների եւ տեղի շուրջ։ Միեւնույն ժամանակ Բաքվից ադեն տարբեր մակարդակներով մի քանի հայտարարություն է հնչել համաձայնագրի ստորագրման նախապայմանների վերաբերյալ, որոնք ներառում են Հայաստանի Սահմանադրության փոփոխության եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման պահանջներ։
Սահմանադրության փոփոխության մասով Երեւանը բազմիցս է հայտարարել, որ այն Հայաստանի ներքին գործն է եւ որեւէ տարածքային հավակնություն չի պարունակում հարեւան երկրների, այդ թվում՝ Ադրբեջանի նկատմամբ, ինչպես այդ մասին հաճախակի պնդում են Բաքվից։
ԵԱՀԿ Մինսկի խմբի հարցում էլ թե՛ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը եւ թե՛ արտգործնախարար Արարատ Միրզոյանը հայտարարել են, որ Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման դեպքում կառույցի պահպանման անհրաժեշտություն չի լինելու։
Ավելին՝ Փաշինյանը ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ Երեւանը Բաքվին առաջարկում է Խաղաղության համաձայնագիրը եւ Մինսկի խումբը լուծարելու մասին ԵԱՀԿ-ին ուղղված համատեղ դիմումը ստորագրել միեւնույն ժամանակ։