ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը Signal համակարգի խմբակային չաթում (զրուցարան), որում ընդգրկված են եղել նրա կինը, եղբայրը եւ փաստաբանը, տարածել է Եմենի «Անսար Ալլահ» շարժման (հութիներ) հենակետերի դեմ ավիահարվածների վերաբերյալ մանրամասն տեղեկություններ։ Այդ մասին հայտնում է The New York Times-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Թերթի տվյալներով՝ Հեգսեթի տարածած տեղեկությունը պարունակել է «Անսար Ալլահ»-ի դեմ իրականացվող գործողություններում ներառված F/A-18 կործանիչների թռիչքների ժամանակացույցը։ NYT-ի փոխանցմամբ՝ խոսքը այն նույն տեղեկության մասին է, որը նա հայտնել էր մեկ այլ խմբակային չաթում, եւ որի մեջ պատահաբար ավելացվել էր նաեւ The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը։
Աղբյուրները NYT-ին պատմել են, որ այն չաթը, որտեղ ընդգրկված էին Փիթ Հեգսեթի կինը՝ Ջենիֆերը, եղբայրը՝ Ֆիլը, եւ անձնական փաստաբան Թիմ Պառլատորեն, ստեղծել է անձամբ պաշտպանության նախարարը։ Այդ չաթում ընդգրկված են եղել նաեւ մի քանի այլ անձինք նրա անձնական եւ մասնագիտական շրջապատից։ Ըստ The New York Times-ի՝ չաթը ստեղծվել է մինչեւ Հեգսեթի նախարարի պաշտոնը ստանձնելը։
Թերթը նշում է, որ Հեգսեթի կինը պաշտոնապես չի աշխատում Պենտագոնում, սակայն հաճախ ուղեկցում է ամուսնուն նրա հանդիպումների ժամանակ։ Նախարարի եղբայրը եւ փաստաբանը աշխատում են Պենտագոնում, բայց, ինչպես ընդգծում է NYT-ը, «մնում է անհասկանալի, թե ինչու էր նրանց անհրաժեշտ իմանալ Եմենում հութիների դեմ նախատեսվող ռազմական հարվածների մասին»։
Այն մասին, որ Հեգսեթը հարվածների վերաբերյալ տվյալներ էր հրապարակել չաթում, հայտնել են նաեւ CNN-ը եւ Reuters-ը՝ հղում կատարելով իրենց աղբյուրներին։
Մարտի վերջին The Atlantic-ի գլխավոր խմբագիր Ջեֆրի Գոլդբերգը հայտնել էր, որ իրեն ավելացրել են Signal համակարգի մի խմբակային չաթում, որտեղ Սպիտակ տան պաշտոնյաները քննարկել են Եմենում հութիների դիրքերին հասցվող հարվածները։ Նրա խոսքերով՝ չաթում եղել է 18 մարդ, այդ թվում՝ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայք Ուոլցը։
Ավելի ուշ Ուոլցը ստանձնել էր չաթի ստեղծման պատասխանատվությունը, սակայն հայտարարել էր, որ տեղյակ չէ, թե ինչպես են Գոլդբերգի հետ կոնտակտային տվյալները հայտնվել իր հեռախոսում։
Ապրիլի 3-ին Պենտագոնի գլխավոր տեսուչի ժամանակավոր պաշտոնակատար Սթիվեն Ստեբբինսը հայտարարել էր, որ հետաքննություն է սկսվել Signal համակարգի չաթում հութիների դեմ հարվածները քննարկելու գործով։