Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները ապրիլի 20-ին՝ 02:30-ի սահմաններում, կրակ են բացել Սյունիքի մարզի Խոզնավար բնակավայրի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է գյուղի բնակելի տներից մեկի տանիքում տեղադրված արեւային ջրատաքացուցիչը: Այդ մասին հաղորդում է պաշտպանության նախարարությունը։
Գերատեսչության փոխանցմամբ տուժածներ չկան:
«Ադրբեջանական կողմին կոչ ենք անում հետաքննել Խոզնավարի բնակելի տան գնդակոծման փաստը եւ հանդես գալ հրապարակային պարզաբանումներով»,- նշվում է ՊՆ հաղորդագրության տեքստում։
Նախարարությունը նաեւ հիշեցնում է, որ ՀՀ վարչապետի աշխատակազմն առաջարկել է ստեղծել հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի եւ/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ, ինչին մինչ օրս Բաքուն չի արձագանքել։
Հիշեցնենք, որ մարտի վերջից սկսած՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բազմաթիվ հայտարարություններ է տարածել, որոնցում Հայաստանի զինված ուժերին մեղադրում է իբր սահամանագոտու արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում հրադադարի ռեժիմը խախտելու համար։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այս մեղադրանքները, իսկ ապրիլի 1-ին եւ 13-ին հաղորդել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ արձակված կրակոցների մասին, որոնց հետեւանքով վնասվել էին մեկ բնակելի տուն եւ մշակույթի տունը։