Իսրայելի ղեկավարությունը չի համարձակվի հարվածներ հասցնել Իրանի միջուկային ենթակառուցվածքին առանց ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անմիջական հավանության եւ աջակցության։ Այդ մասին գրում է բրիտանական Financial Times (FT) թերթը՝ վկայակոչելով իսրայելցի եւ արաբ դիվանագետներից ստացած տեղեկություններին։
Նրանց կարծիքով՝ Իսրայելը զերծ կմնա առանց Սպիտակ տան աջակցության ռազմական գործողությունների դիմելուց՝ վախենալով Թրամփին «զայրացնելուց» եւ նրա աջակցությունը կորցնելուց, ինչպես նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ առանց ԱՄՆ-ի օգնության Իրանի տարածքին հասցվող հարվածները շատ սահմանափակ ազդեցություն կունենան։ Միեւնույն ժամանակ, Թրամփն ինքը այժմ կենտրոնացած է իրանական միջուկային ծրագրին առնչվող խնդիրների լուծման դիվանագիտական ուղիներ գտնելու վրա։
ԱՄՆ նախագահը, ինչպես նշում է պարբերականը, չի տրվում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի ճնշմանը, որը ակնկալում է ավելի վճռական եւ ագրեսիվ գործողություններ Վաշինգտոնից։ Աղբյուրների համաձայն՝ Իրանի միջուկային օբյեկտներին ռազմական հարվածներ հասցնելու հարցում Նեթանյահուն փորձել է Թրամփի աջակցությունը ստանալ դեռեւս նախագահի երդմնակալությունից առաջ, սակայն ցանկալի արդյունքի այդպես էլ չի հասել։ Միաժամանակ, Թրամփի իշխանության գալուց հետո Նեթանյահուն սկսեց ավելի վստահ եւ ագրեսիվ քաղաքականություն վարել Մերձավոր Արեւելքում՝ ակտիվ հարվածներ հասցնելով Լիբանանին, Սիրիային եւ Գազայի հատվածին։
Միեւնույն ժամանակ, Իսրայելի կառավարությունը տեղյակ է Թրամփի վարչակազմի փոփոխվող դիրքորոշմանը, ուստի դիվանագետները կարծում են, որ այն զգուշությամբ կգործի եւ չի հրահրի Վաշինգտոնին Իրանի դեմ չհամակարգված գործողություններ ձեռնարկելու:
Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ Իսրայելը ԱՄՆ-ին մի քանի տարբերակ է ներկայացրել Իրանի միջուկային ենթակառուցվածքի օբյեկտներին հարվածելու համար։ Ապրիլի 17-ին The New York Times-ը, հղում կատարելով աղբյուրներին, հայտնել էր, որ Իսրայելը պատրաստվում է մայիսին հարվածելու Իրանի միջուկային օբյեկտներին, եւ համոզված է, որ ԱՄՆ-ը ակտիվորեն կմասնակցի հարձակման նախապատրաստմանը, ինչպես նաեւ վերջինիս կպաշտպանի Իրանի հնարավոր պատասխան հարվածից: Իր հերթին Թրամփը որոշել է Իրանի հետ տարաձայնությունները հարթել դիվանագիտական ուղիով եւ Իսրայելի վարչապետ Նեթանյահուին տեղեկացրել է, որ չի աջակցի ռազմական գործողությանը։
Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին ապրիլի 12-ին Օմանի մայրաքաղաք Մասկատում ԱՄՆ պաշտոնյաների հետ կայացած բանակցություններում տեղեկացրել էր, որ Թեհրանը պատրաստ է համագործակցելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության հետ՝ այդպիսով երաշխիք ներկայացնելով, որ իր միջուկային գործունեությունը խաղաղ է, հաղորդում է Reuters-ը: Սակայն Արաղչին պարզաբանել էր, որ դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե պատժամիջոցները հանվեն Իրանի նավթային եւ ֆինանսական հատվածների վրայից։