Վաշինգտոնն ակնկալում է, որ այս շաբաթվա վերջին Լոնդոնում սպասվող գագաթնաժողովի ժամանակ Ուկրաինայի ներկայացուցիչները կարձագանքեն պատերազմը դադարեցնելու իրենց ներկայացրած ծրագրին։ Սպասվում է, որ գագաթնաժողովին մասնակցություն կունենան նաեւ եվրոպական երկրների ներկայացուցիչները։ Այդ մասին հայտնում է The Wall Street Journal-ը՝ հղում կատարելով իր աղբյուրներին։
Պարբերականի հաղորդմամբ, եթե Լոնդոնի գագաթնաժողովին մասնակցող բոլոր կողմերի դիրքորոշումները համընկնեն, ապա այդ առաջարկները կարող են փոխանցվել Մոսկվային։
Ըստ Wall Street Journal-ի՝ ապրիլի 17-ին Փարիզում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԱՄՆ պատվիրակությունը Ուկրաինայի եւ եվրոպական երկրների ներկայացուցիչներին ներկայացրել էր մի ծրագիր, որը, ի թիվս այլ հարցերի, ներառել էր նաեւ դեռեւս 2014 թվականից անեքսիայի ենթարկված Ղրիմը որպես Ռուսաստանի մաս ճանաչելու եւ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելու առաջարկները։
Ինչպես նշում են պարբերականի աղբյուրները, ծրագրում տեղ գտած որոշ գաղափարներ չեն համապատասխանում Ռուսաստանի պահանջներին։ Օրինակ՝ ԱՄՆ-ը չի ճանաչի Ուկրաինայի արեւելյան չորս շրջանների՝ Զապորոժիեի, Խերսոնի, Լուգանսկի եւ Դոնեցկի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը: Միեւնույն ժամանակ ԱՄՆ-ի առաջարկները չեն ներառում այդ տարածքներից ռուս զինվորականների դուրսբերման պահանջ։ Փաստաթղթում նաեւ չի առաջարկվում սահմանափակել ուկրաինական բանակի թվաքանակը, եւ այն չի բացառում Կիեւին արեւմուտքի ռազմական աջակցությունը կամ այնտեղ եվրոպացի զինվորականների տեղակայման հնարավորությունը։
The Wall Street Journal-ի աղբյուրներից մեկն էլ նշել է, որ ծրագրում ներառված մեկ այլ կետի համաձայն՝ Վաշինգտոնն առաջարկում է չեզոք հայտարարել Զապորոժիեի ատոմակայանի շրջակա տարածքները եւ դրանք հանձնել ԱՄՆ-ի վերահսկողությանը: 2022 թվականի մարտից կայանը վերահսկում են ռուս զինվորականները։
Պարբերականի աղբյուրները հայտնել են, որ Լոնդոնում սպասվող հանդիպմանը մասնակցելու են ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն եւ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվեն Ուիթքոֆը ու Քիթ Քելլոգը։ Այս հանդիպումից հետո Ուիթքոֆը կարող է կրկին մեկնել Ռուսաստան, սակայն մինչ այժմ նրա այցերի մասին պաշտոնապես չի հայտարարվել։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էլ այսօր ավելի վաղ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված գրառման մեջ հույս էր հայտնել, որ Ուկրաինան եւ Ռուսաստանն «այս շաբաթ գործարք կկնքեն»։