Ուկրաինայում Զատկի կապակցությամբ հաստատված հրադադարից հետո մարտական գործողությունները վերսկսվել են։ Այդ մասին լրագրողների հարցերին պատասխանելիս հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մարտական գործողությունները վերսկսվել են։ Այդ մասին [պատերազմական գործողությունների հետագա վերսկսման մասին] խոսեցինք հենց սկզբից, երբ հայտարարեցինք հրադադարի մասին։ Մենք միշտ դրական ենք վերաբերվում հրադադարին, ինչի համար էլ հանդես ենք եկել նման նախաձեռնությամբ։ Առավել եւս, որ խոսքը Սուրբ Զատիկի պայծառ օրերի մասին է»,- ասել է ՌԴ նախագահը։
Պուտինը նաեւ հիշեցրել է, որ սա բոլոր քրիստոնյաների տոնն է, եւ այս օրերին Սուրբ Զատիկը նշել են ոչ միայն ուղղափառները, այլեւ կաթոլիկներն ու բողոքականները։
«Մենք միշտ խոսել ենք այդ մասին, որ մենք դրական ենք վերաբերվում ցանկացած խաղաղ նախաձեռնության: Հուսով ենք, որ Կիեւի վարչակարգի ներկայացուցիչները նույն վերաբերմունքը կունենան դրան»,- ասել է ՌԴ նախագահը:
Հիշեցնենք՝ հրադադարի մասին Պուտինը հայտարարել էր Զատկի տոնի նախօրեին՝ ՌԴ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովի հետ հանդիպման ժամանակ։ Այն ռուսական կողմի տվյալներով ուժի մեջ էր մտել ապրիլի 19-ի՝ Մոսկվայի ժամանակով 18:00-ից եւ տեւել մինչեւ ապրիլի 21-ը՝ 00:00-ն։ Ընդհանուր առմամբ հրադադարը տեւել է 30 ժամ:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Ուկրաինայի զինված ուժերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման 4900 դեպք է արձանագրվել։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին էլ հայտարարել էր հրադադարի ռեժիմի 2935 արձանագրված խախտումների մասին։