Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ ապրիլի 23-ին Լոնդոնում կանցկացվեն Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների պատվիրակությունների բանակցությունները, որոնք վերաբերելու են ուկրաինական հակամարտության կարգավորմանը։
«Արդեն չորեքշաբթի մեր ներկայացուցիչները կաշխատեն Լոնդոնում։ Ուկրաինա, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Միացյալ Նահանգներ. մենք պատրաստ ենք առավելագույն կառուցողականությամբ շարունակելwu առաջ շարժվել՝ անվերապահ հրադադարի հասնելու եւ, որպես հետեւանք, իրական և կայուն խաղաղություն հաստատելու համար։ Շնորհակալ եմ բոլոր գործընկերներին, որոնք օգնում են։
Անվերապահ հրադադարը պետք է դառնա խաղաղության առաջին քայլը, եւ հենց Զատիկի այս շրջանը ցույց տվեց, որ Ռուսաստանի գործողություններն են պատերազմի ձգձգման պատճառը»,- գրել է Զելենսկին սոցիալական ցանցերում՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Կիր Ստարմերի հետ հեռախոսազրույցից անմիջապես հետո։
Երկուշաբթի երեկոյան հրապարակած իր տեսաուղերձում նույնպես Ուկրաինայի նախագահը նշել էր, որ Լոնդոնում կայանալիք բանակցությունների հիմնական խնդիրը լինելու է հրադադարի հաստատումը։ «Սա պետք է դառնա մեկնարկային կետ։ Խաղաղությունը սկսվում է լռությունից»,- նշել է Ուկրաինայի նախագահը։
Bloomberg գործակալության աղբյուրների տվյալներով՝ ամերիկյան կողմից բանակցություններին կմասնակցեն ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ինչպես նաեւ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆն ու Քիթ Քելլոգը, որոնք հանդիպելու են Ֆրանսիայի, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարների եւ ազգային անվտանգության խորհրդականների հետ։
Այս շաբաթ ԱՄՆ-ի, Ուկրաինայի եւ եվրոպական երկրների մասնակցությամբ բանակցությունների կայացման մասին ավելի վաղ հաղորդել էր The Wall Street Journal-ը։ Թերթի տվյալներով՝ Վաշինգտոնը Կիեւին ներկայացրել է առաջարկներ պատերազմի ավարտի վերաբերյալ, որոնք ներառում են Ռուսաստանին Ղրիմի բռնակցման ճանաչումը եւ Ուկրաինայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելուց հրաժարվելը։