Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, որը մահացել է ապրիլի 21-ին, կհուղարկավորվի Հռոմի Սանտա Մարիա Մաջորե բազիլիկում՝ ի տարբերություն իրեն նախորդած պապերի, որոնք թաղվել են Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում։
Դրա մասին նշված է Ֆրանցիսկոսի կտակում, որը Վատիկանը հրապարակել էր երկուշաբթի երեկոյան։
Կտակում Ֆրանցիսկոսը ցանկություն էր հայտնել, որ իրեն թաղեն «հողի մեջ, առանց հատուկ զարդարանքների»։ Նա նաեւ նշել է, որ շիրմաքարի վրա միայն պետք է գրվի իր պապական անունը՝ Franciscus։
Հուղարկավորության ծախսերը կկատարվեն բարերարների կողմից նվիրաբերված միջոցներով, որոնք նա նախապես փոխանցել է Սանտա Մարիա Մաջորե բազիլիկին։