Կատարի եւ Եգիպտոսի միջնորդները պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժմանը եւ Իսրայելին հրադադարի համաձայնագրի նոր տարբերակ են առաջարկել։ Այդ մասին հաղորդում է BBC News-ը՝ վկայակոչելով բարձրաստիճան պաղեստինցի պաշտոնյայից ստացած տեղեկությունները։
Բանակցությունների ընթացքին ծանոթ աղբյուրի համաձայն՝ առաջարկը նախատեսում է իսրայելցի բոլոր պատանդների ազատ արձակում, իսրայելական բանտերում պահվող պաղեստինցի բանտարկյալների ազատում, 5-7 տարի ժամկետով հրադադարի հաստատում, պատերազմի պաշտոնական դադարեցում եւ Գազայի հատվածից Իսրայելի պաշտպանության բանակի լիակատար հեռացում։
Պաղեստինցի անանուն պաշտոնյան նաեւ հայտնել է, որ ՀԱՄԱՍ-ը պատրաստ է Գազայի հատվածի կառավարումը փոխանցելու ցանկացած պաղեստինյան կազմակերպության, որը կազմավորված կլինի «ազգային եւ շրջանային մակարդակով»։ Նրա խոսքերով՝ այդ կառույցը կարող է լինել ինչպես Արեւմտյան ափը վերահսկող Պաղեստինի կառավարությունը, այնպես էլ նոր ստեղծված վարչական մարմինը։
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ավելի վաղ դեմ էր արտահայտվել 2007 թվականից ԱՄԱՍ-ի վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածը ապագայում Պաղեստինի վարչակազմի կառավարմանը հանձնելու գաղափարին։
BBC-ի աղբյուրը հավելել է, որ դեռ վաղ է գնահատել, թե որքանով կհաջողվի կյանքի կոչել առաջարկվող ծրագիրը, սակայն, ըստ նրա, Կատարն ու Եգիպտոսը «լուրջ միջնորդական ջանքեր են գործադրել», իսկ ՀԱՄԱՍ-ն «աննախադեպ ճկունություն» է ցուցաբերել։
Լրատվականի փոխանցմամբ՝ ՀԱՄԱՍ-ի պատվիրակությունը պատրաստվում է առաջիկայում մեկնելու Կահիրե՝ բանակցությունների համար: Իսրայելը դեռ չի մեկնաբանել միջնորդների առաջարկած ծրագիրը։
Կատարի եւ Եգիպտոսի նոր առաջարկը հաջորդում է շաբաթներ առաջ ներկայացրած մեկ այլ առաջարկի, որը ենթադրում էր վեց շաբաթով հրադադարի հաստատում եւ ՀԱՄԱՍ-ի զինաթափում։ Այս առաջարկը ՀԱՄԱՍ-ը մերժել էր։
Հիշեցնենք, որ հունվարի կեսերին ԱՄՆ-ի, Եգիպտոսի եւ Կատարի միջնորդությամբ կայացած երկարատեւ բանակցություններից հետո Իսրայելն ու ՀԱՄԱՍ-ը Գազայում հրադադարի հաստատման եւ պատանդների ազատ արձակման վերաբերյալ համաձայնություն էին ձեռք բերել։
Հրադադարը խախտվեց մարտի 18-ին, երբ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ՀԱՄԱՍ-ին մեղադրեց հրադադարի երկարաձգմանը եւ պատանդներին ազատ արձակելուն վերաբերող ՄԱՆ նոր առաջարկից հրաժարվելու համար, որը կողմերին ներկայացրել էր Մերձավոր Արեւելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը։ Նույն օրը Իսրայելի բանակը վերսկսեց ռազմական գործողությունները Գազայի տարածքում։ Բանակցությունները տապալելու եւ մարտական գործողությունները վերսկսելու համար ՀԱՄԱՍ-ը մեղավոր է հայտարարել Իսրայելին եւ ԱՄՆ-ին։