Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելությունը X-ի էջում հրապարակված գրառման մեջ տեղեկացրել է, որ Խոզնավարում «նկատել» է ապրիլի 21-ին ադրբեջանական դիրքերից արձակված կրակոցների հետեւանքները։
«Զատկի հանգստյան օրերին Հայաստանում Եվրոպական միության դիտորդական առաքելությունը 27 պարեկություն է իրականացրել իր գործողության տարածքում՝ ներառյալ Խոզնավար, Խնածախ եւ Արավուս գյուղերում։ Խոզնավարում ԵՄ դիտորդական առաքելությունը նկատել է քաղաքացիական ենթակառուցվածքը վնասած երկու կրակոցների հետեւանքները, որոնք հավանաբար արձակվել են տեղանքում առկա ադրբեջանական դիրքերից»,- ասվում է ԵՄ առաքելության գրառման մեջ։
Over the Easter weekend #EUMA conducted 27 day and night patrols in its Area of Operation including villages Khoznavar, Khnatsakh and Aravus. In Khoznavar EUMA observed the impact of two shots damaging civilian infrastructure, possibly originating from an AZ position in the area. pic.twitter.com/753cqrLxiu
— European Union Mission in Armenia (@EUmARMENIA) April 22, 2025
Հիշեցնենք, որ մարտի վերջից սկսած՝ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը բազմաթիվ հայտարարություններ է տարածել, որոնցում Հայաստանի զինված ուժերին մեղադրում է իբր սահամանագոտու արեւելյան եւ հարավարեւելյան հատվածներում հրադադարի ռեժիմը խախտելու համար։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքել էր այս մեղադրանքները, իսկ ապրիլի 1-ին, 13-ին եւ 21-ին հաղորդել Սյունիքի մարզի Խնածախ բնակավայրի ուղղությամբ արձակված կրակոցների մասին, որոնց հետեւանքով վնասվել էին մեկ բնակելի տուն եւ մշակույթի տունը։