Մոսկվան մտահոգված է Երեւանի՝ Եվրոպական միություն ինտեգրվելու ձգտումով։ Եթե Արեւմուտքը կարողանա Հայաստանին ներգրավել իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ, երկիրը կարող է կորցնել Եվրասիական տնտեսական միությունում (ԵԱՏՄ) ունեցած օգուտները, լրագրողներին հայտնել է ՌԴ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալեքսանդր Գրուշկոն։
ՏԱՍՍ գործակալության այն հարցին, թե արդյոք Մոսկվան մտահոգված է Հայաստանի՝ ԵՄ-ին մոտենալու ձգտումով, Գրուշկոն պատասխանել է դրականորեն։
«Իհարկե, Հայաստանի ձգտումը դեպի ԵՄ մտահոգություն է առաջացնում, քանի որ դա համատեղելի չէ այս երկրի՝ ԵԱՏՄ անդամակցության հետ։ Մենք դրա մասին բազմիցս խոսել ենք մեր հայ գործընկերների հետ տարբեր շփումների ժամանակ»,- նշել է դիվանագետը։
«Լավ հայտնի է, որ ԵԱՏՄ-ին մասնակցության շնորհիվ Հայաստանը զարգանում է դինամիկ փուլերով, տնտեսության աճ է նկատվում Երեւանի համար կարեւոր բոլոր ուղղություններով։ Դա հսկայական ձեռքբերում է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արեւմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ՝ փորձելով կտրել Հայաստանը Ռուսաստանից եւ այլ բնական դաշնակիցներից»,- ընդգծել է Գրուշկոն։
Ապրիլի 14-ին էլ ՌԴ մեկ այլ փոխնախարար՝ Միխայիլ Գալուզինն էր «Известия»-ի հետ հարցազրույցում հայտարարել, որ ԵԱՏՄ-ից դուրս գալը «ցավոտ» կլինի Հայաստանի եւ նրա ժողովրդի համար։
Հիշեցնենք՝ Եվրոպական միությանը Հայաստանի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին օրինագիծը ՀՀ խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել էր փետրվարի 12-ին, իսկ երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ՝ մարտի 26-ին։
«Եվրաքվե» քաղաքացիական նախաձեռնության այս նախագիծը դեռեւս հունվարի 9-ին արժանացել էր ՀՀ Կառավարության հավանությանը: Սրան նախորդել էր «Եվրաքվեի» կազմակերպած ստորագրահավաքը, որի հետեւանքով նախաձեռնությանը օրինագծի տեսք տալու եւ այն ԱԺ ուղարկելու համար անհրաժեշտ 50 հազար ստորագրության փոխարեն հավաքվել էր 60 հազարը։
ՀՀ ԱԺ Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը Կառավարության հավանությունից հետո օրինագծի վերաբերյալ դրական եզրակացություն տվել էր հունվարի 24-ին:
Երեւանը բազմիցս է հայտարարել, որ օրենքի ընդունումը չի նշանակում Եվրամիությանն անդամակցելու վերաբերյալ հանրաքվեի անցկացում: