ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Պետդեպարտամենտի լայնածավալ վերակազմավորման գործընթաց է սկսել, որի նպատակը երկակի կառույցների և այնպիսի ծրագրերի վերացումն է, որոնք, Սպիտակ տան գնահատմամբ, չեն համապատասխանում ազգային շահերին։
Ինչպես հաղորդում է Reuters-ը, այd մասին երեքշաբթի հայտարարել է ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն։
«Այս մոտեցումը կբարձրացնի գերատեսչության արդյունավետությունը բոլոր մակարդակներում՝ սկսած կենտրոնական ապարատից մինչև արտերկրում գործող առաքելություններ»,- նշել է Ռուբիոն։ Նրա խոսքերով՝ կոնկրետ տարածաշրջանների վրա կենտրոնացած գործառույթները միավորվելու են՝ դրանց արդյունավետությունն ապահովելու նպատակով, ավելորդ ստորաբաժանումները կլուծարվեն, իսկ այն ծրագրերը, որոնք օրենքով սահմանված չեն և չեն համապատասխանում ԱՄՆ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, կփակվեն։
Ռեֆորմի շրջանակում ԱՄՆ Պետդեպարտամենտի՝ քաղաքացիական անվտանգության, մարդու իրավունքների և ժողովրդավարության հարցերով վարչության աշխատանքը կղեկավարի այժմ արտաքին օգնության և հումանիտար հարցերով համակարգողը։
Մարկո Ռուբիոն, որը ղեկավարում է վերջին ամիսներին զգալիորեն վերակազմավորված ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID), խիստ քննադատության է ենթարկել Պետդեպարտամենտի ներկայիս կառուցվածքը՝ նշելով, որ «այն դարձել է իր հիմնական դիվանագիտական խնդիրները արդյունավետ կերպով իրականացնելու հարցում ուռճացված, բյուրոկրատացված և անընդունակ կառույց մեծ տերությունների մրցակցության այս նոր դարաշրջանում»։
Այս բարեփոխումները հաջորդել են ԱՄՆ դիվանագիտական ծառայությունները վերափոխելու մասին Դոնալդ Թրամփի փետրվարին ստորագրած հրամանին։