Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը առաջարկել է դադարեցնել Ուկրաինայում ընթացող ռազմական գործողությունները ներկայում հաստատված ռազմաճակատի գծով։ Այդ մասին գրում է Financial Times-ը՝ հղում կատարելով երեք աղբյուրների։
Պարբերականի զրուցակիցների խոսքերով՝ Պուտինն այս առաջարկն արել է ապրիլի սկզբին Սանկտ Պետերբուրգում ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆի հետ հանդիպման ընթացքում։ Այդ ժամանակ նա նաեւ նշել է, որ Մոսկվան պատրաստ է հրաժարվելու այն ուկրաինական օկուպացված տարածքների նկատմամբ ունեցած հավակնություններից, որոնք դեռ Կիեւի վերահսկողության տակ են։
Դրանից հետո, ինչպես գրում է FT-ը, ԱՄՆ-ը կարգավորման մի շարք տարբերակներ է ներկայացրել, որոնց թվում են Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանության ճանաչումը, ինչպես նաեւ Ուկրաինայի օկուպացված մյուս տարածքների նկատմամբ Մոսկվայի փաստացի վերահսկողության ընդունումը։
Ինչպես նշում է Financial Times-ը, Պուտինի այս առաջարկը գրեթե երեք տարի տեւող պատերազմի ընթացքում առաջին պաշտոնական ազդանշանն է այն մասին, որ Ռուսաստանի նախագահը պատրաստ է հրաժարվելու առավելապաշտական պահանջներից՝ ռազմական գործողություններին վերջ տալու համար։
Կրեմլի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը FT-ին հայտնել է, որ «ընթանում է լարված աշխատանք»։
«Մենք բանակցություններ ենք վարում ամերիկյան կողմի հետ։ Աշխատանքը բարդ է եւ ժամանակատար, ուստի դժվար է ակնկալել անհապաղ արդյունքներ, եւ այն չի կարող հրապարակային իրականացվել»,- նշել է Պեսկովը։