ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է մասնակցելուց Ուկրաինայում հրադադար հաստատելու շուրջ բանակցություններին, որոնք նախատեսված էին ապրիլի 23-ին Լոնդոնում, հաղորդում է The New York Times-ը։
Թերթի տվյալներով՝ Ռուբիոն հրաժարվել է բանակցությունների մեկնելուց, երբ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ «Ուկրաինան իրավաբանորեն չի ճանաչում Ղրիմի օկուպացիան»։ Այդպիսով, գրում է The New York Times-ը, Զելենսկին դեմ է արտահայտվել ԱՄՆ-ի առաջարկած պատերազմի դադարեցման հիմնական առաջարկներից մեկին։
Ակնկալվում էր, որ Լոնդոնում հանդիպելու էին ԱՄՆ-ի, եվրոպական երկրների եւ Ուկրաինայի ներկայացուցիչները, որպեսզի շարունակեին հրադադարի համաձայնագրի շուրջ աշխատանքը։ Պետդեպարտամենտի մամուլի խոսնակ Թեմի Բրյուսը ապրիլի 22-ին հայտնել էր, որ Ռուբիոն կմասնակցի հանդիպմանը, քանի որ «Լոնդոնն ունի ներուժ», սակայն ավելի ուշ հայտարարեց, որ պետքարտուղարը բաց կթողնի բանակցությունները «ժամանակացույցում առաջացած լոգիստիկ խնդիրների» պատճառով։
Պետդեպարտամենտից հայտնել են, որ Լոնդոնում ներկա կլինի ԱՄՆ նախագահի Ուկրաինայի հարցերով հատուկ բանագնաց գեներալ Քիթ Քելլոգը։ Միեւնույն ժամանակ պարզ չէ, թե արդյոք բանակցություններին կմասնակցի ԱՄՆ նախագահի Մերձավոր Արեւելքի հարցերով հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը, որը նախկինում երեք անգամ հանդիպել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ, ինչպես սպասվում է, առաջիկա օրերին կրկին կայցելի Ռուսաստան։
Բազմաթիվ արեւմտյան ԶԼՄ-ներ գրել են, որ ԱՄՆ-ը խաղաղության համաձայնագրի շրջանակում պատրաստ է դիտարկելու Ղրիմը Ռուսաստանի մաս ճանաչելու տարբերակը։ Ամերիկյան կողմը այդ մասին Ուկրաինայի ներկայացուցիչներին հայտնել է ապրիլի 17-ին Փարիզում կայացած բանակցությունների ժամանակ։ Բացի այդ՝ ԱՄՆ-ի առաջարկը Կիեւի համար նաեւ ենթադրում է հրաժարում ՆԱՏՕ-ին անդամակցելու ծրագրերից եւ Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքի նկատմամբ ամերիկյան վերահսկողության հաստատում։
Axios-ը ապրիլի 22-ին հայտնել էր, որ սա ԱՄՆ-ի «վերջնական առաջարկն» է։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ հույս ունի, թե Ռուսաստանն ու Ուկրաինան «համաձայնության կհասնեն այս շաբաթվա ընթացքում», այսինքն՝ ապրիլի 21-27-ն ընկած ժամանակահատվածում։ Axios-ի տվյալներով՝ Թրամփը չի բացառել, որ ԱՄՆ-ը կարող է դուրս գալ բանակցային գործընթացից, եթե առաջընթաց չարձանագրվի։ Պետական քարտուղար Մարկո Ռուբիոն Փարիզում կայացած բանակցություններից հետո հայտարարել է, որ ԱՄՆ-ը չի պատրաստվում բանակցություններ վարելու «շաբաթներով ու ամիսներով»։