Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի արտգործնախարարները հետաձգել են ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի վերաբերյալ Լոնդոնում ապրիլի 23-ին նախատեսված բանակցությունները: Այդ մասին հայտնել է Sky News-ը։
Բրիտանական հեռուստաալիքի տվյալներով՝ խաղաղության ծրագրի քննարկումներն այս պահի դրությամբ կշարունակվեն բարձր մակարդակի պաշտոնյաների, բայց ոչ արտաքին գործերի նախարարների մակարդակով։
Չնայած բանակցությունների մակարդակի իջեցմանը՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան, ըստ Sky News-ի, միեւնույնն է, կժամանի Լոնդոն՝ հանդիպելու Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավար Դեյվիդ Լեմիի հետ, իսկ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպան Քիթ Քելլոգը հանդիպում կունենա ֆրանսիացի եւ գերմանացի պաշտոնյաների հետ։
Հիշեցնենք, որ բարձր մակարդակի բանակցությունները չեղարկվեցին, երբ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվեց Լոնդոն մեկնելուց, ինչպես նշվում է՝ «ժամանակացույցում առաջացած լոգիստիկ խնդիրների» պատճառով։ Ըստ Sky News-ի՝ հենց այդ լուրի տարածումից հետո Ֆրանսիան եւ Գերմանիան դադարեցրել են իրենց արտգործնախարարների այցի նախապատրաստումը։ Ենթադրվում է, որ նախարարների մակարդակով հանդիպումը կարող է տեղի ունենալ ավելի ուշ։
Սպասվում էր, որ ԱՄՆ-ը Լոնդոնում կայանալիք բանակցությունների ընթացքում առաջարկելու էր Ղրիմը ճանաչել որպես Ռուսաստանի մաս։ Ինչպես գրել է The New York Times-ը, սա ԱՄՆ-ի առաջարկներից մեկն է՝ ուղղված պատերազմը դադարեցնելու խնդրի լուծմանը։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ապրիլի 22-ին հայտարարել էր, որ Կիեւը երբեք Ղրիմը ռուսական չի ճանաչի։