Պեկինում կայացել է Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպումը։
Ադրբեջանական կողմի հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ընթացքում ղեկավարները ստորագրել են «Չինաստանի Ժողովրդական Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ համապարփակ ռազմավարական գործընկերության հաստատման վերաբերյալ համատեղ հայտարարությունը»։
Փաստաթղթի հենց առաջին կետով կողմերը պարտավորվում են վճռական աջակցություն ցուցաբերել միմյանց «հիմնարար շահերի, ինքնիշխանության, անվտանգության եւ տարածքային ամբողջականության պաշտպանության գործում»։
Նույն կետով ադրբեջանական կողմը ընդունում է, որ աշխարհում միայն մեկ Չինաստան կա, եւ Թայվան կղզին Չինաստանի Ժողովրդական Հանրապետության տարածքի անբաժանելի մասն է։ Ի հավելումն այս ամենի՝ փաստաթղթում նաեւ հստակ ամրագրվում է, որ Ադրբեջանը «կտրականապես դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձեւի եւ աջակցում է Չինաստանի կառավարությանը երկրի վերամիավորմանը հասնելու գործում»:
Չինաստանն էլ իր հերթին «վճռական աջակցություն» է հայտնում «ադրբեջանական կողմի առաջարկած խաղաղության օրակարգին եւ անարդյունավետ է համարում առճակատմանն ուղղված աշխարհաքաղաքական խաղերը»։
Հայտարարության հաջորդ կարեւոր կետերը վերաբերում են չինական «Գոտի եւ ճանապարհ» նախաձեռնության հետ Ադրբեջանի «Մետաքսի ճանապարհի վերածնունդ» պետական զարգացման ռազմավարության համապատասխանեցմանը, միջպետական ու միջկուսակցական մակարդակներով համագործակցությանը, ինչպես նաեւ առեւտրատնտեսական ոլորտին, արդյունաբերությանը, տրանսպորտին, մարդկային ռեսուրսների փոխանակմանը եւ այլ ուղղություններին։
Հանդիպման ընթացքում Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը հայտարարել է, որ մաքսային պատերազմները խաթարում են բազմակողմ առեւտրային համակարգը եւ համաշխարհային տնտեսական կարգը։
Չինաստանի առաջնորդի խոսքերով՝ Պեկինը պատրաստ է աշխատելու Ադրբեջանի հետ ՄԱԿ-ի եւ միջազգային իրավունքի սկզբունքների վրա հիմնված աշխարհակարգը պաշտպանելու համար։