ԱՄՆ-ը կոնկրետ առաջարկներ է մշակել՝ ուղղված Ռուսաստանի եւ Ուկրաինայի միջեւ ընթացող պատերազմի ավարտին։ Հետեւաբար Վաշինգտոնը դուրս կգա բանակցություններից, եթե Մոսկվան ու Կիեւը չհամաձայնեն այդ ծրագրին։ Այդ մասին Հնդկաստան կատարած այցի ընթացքում հայտարարել է ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը։
«Մենք շատ կոնկրետ առաջարկ ենք ներկայացրել երկու կողմերին՝ Ռուսաստանին եւ Ուկրաինային։ Ժամանակն է, որ նրանք ասեն «այո», կամ էլ ԱՄՆ-ը պետք է դուրս գա այս գործընթացից»,- ասել է Վենսը լրագրողների հետ զրույցում Թաջ-Մահալում կատարած շրջայցից հետո։ Նրա հայտարարության տեսանյութը հրապարակել է Sky News-ը։
Վենսի խոսքերով՝ Վաշինգտոնը «հսկայական դիվանագիտական աշխատանք» է կատարել՝ փորձելով հասկանալ իրավիճակը երկու պատերազմող կողմերի տեսանկյունից։ Արդյունքում, ըստ ԱՄՆ փոխնախագահի, ամերիկյան պաշտոնյաները կազմել են «շատ արդար առաջարկ»։
«Տեսնենք՝ արդյոք եվրոպացիները, ռուսները եւ ուկրաինացիները կկարողանան այս գործը հասցնել ավարտին։ Ես բավականին լավատես եմ»,- նշել է Վենսը՝ հավելելով, որ բոլոր կողմերը «բարեխղճորեն» են վարել բանակցությունները։
«Կարծում եմ հիմա ժամանակն է, որ եթե ոչ վերջին, ապա գոնե վերջին քայլերից մեկը կատարելու համար, ինչը նշանակում է՝ դադարեցնել սպանությունները, սառեցնել ճակատային գծերը այն մակարդակի վրա, որին կողմերն այժմ մոտ են, եւ իսկապես երկարաժամկետ դիվանագիտական կարգավորոման հնարավորություն ձեւավորել, որը, հուսով եմ, կհանգեցնի երկարատեւ խաղաղության»,- հավելել է ԱՄՆ փոխնախագահը։
Վենսը նշել է նաեւ, որ հակամարտության կարգավորման շրջանակում թե՛ Ռուսաստանը եւ թե՛ Ուկրաինան պետք է համաձայնեն տարածքային զիջումներ կատարելու տարբերակին։ «Անհրաժեշտ կլինի իրականացնել որոշ տարածքային փոխանակումներ»,- ասել է Վենսը։ Թե կոնկրետ ինչ տարածքների մասին է խոսքը, փոխնախագահը չի հստակեցրել։
Կրեմլում հայտարարել են, որ չեն տեսնում որեւէ ռիսկ եւ չեն դիտարկում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի հայտարարությունը որպես վերջնագիր։
«Ո՛չ, ԱՄՆ-ը շարունակում է իր միջնորդական ջանքերը։ Անկասկած, մենք ողջունում ենք այդ միջնորդական ջանքերը։ Մենք նույնպես շարունակում ենք մեր շփումները։ Իհարկե, կարգավորման շուրջ գոյություն ունեն բազմաթիվ նրբություններ, որոնք պետք է քննարկել։ Այս աշխատանքը շարունակվում է»,- ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այն, որ ԱՄՆ-ը կարող է հրաժարվել խաղաղության բանակցություններում միջնորդական դերից, ավելի վաղ հայտարարել էր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ Այս միտքը ապրիլի 17-ին Փարիզում Ուկրաինայի եւ եվրոպական երկրների ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո կրկնել էր նաեւ պետքարտուղար Մարկո Ռուբիոն՝ նշելով, որ Վաշինգտոնը չի պատրաստվում «շաբաթներով ու ամիսներով բանակցելու»։
ԱՄՆ-ի խաղաղության ծրագիրը պաշտոնապես չի հրապարակվել, սակայն դրա որոշ մանրամասներ հայտնի են դարձել արեւմտյան ԶԼՄ-ների հրապարակումներից։ Ըստ հաղորդվող տեղեկությունների՝ ԱՄՆ-ը պատրաստ է ճանաչելու Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը, խոստանալու, որ Ուկրաինան չի միանա ՆԱՏՕ-ին, ինչպես նաեւ թուլացնելու Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցները՝ հնարավոր խաղաղ համաձայնագրի շրջանակում։
Ռուս-ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ Ուկրաինայի, ԱՄՆ-ի եւ եվրոպական երկրների պատվիրակությունների միջեւ արտգործնախարարների մակարդակով բանակցությունները նախատեսված էին ապրիլի 23-ին Լոնդոնում, սակայն ի վերջո չեղարկվել են։ ԱՄՆ պետական քարտուղար Մարկո Ռուբիոն հրաժարվել է բանակցություններին մասնակցելուց, որի համար որպես պատճառ նշվել է «ժամանակացույցում առաջացած լոգիստիկ խնդիրները»։