Թուրքիայում արգելված եւ ահաբեկչական ճանաչված «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (PKK) մինչեւ ապրիլի վերջ ինքնալուծարման մասին որոշում կկայացնի։ Այդ մասին գրում է թուրքական Hürriyet թերթը։
Թուրքիայում իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության պաշտոնական ներկայացուցիչ Օմեր Չելիքը ապրիլի 21-ին լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել էր, որ քրդական երկարամյա խնդրի լուծման հարցում ապրիլին կարող է զգալի առաջընթաց գրանցվել։ Նման հայտարարություն հնչեցրել էին նաեւ քրդական DEM կուսակցության ներկայացուցիչները, որոնք ապրիլի 22-ին հանդիպում էին ունեցել ցմահ ազատազրկման դատապարտված PKK-ի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի հետ։
«Իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության ներսում ասում են, որ Թուրքիայի նախագահ [Ռեջեփ Թայիփ] Էրդողանին արդեն տեղեկացրել են, որ մինչեւ ապրիլի վերջ PKK-ն զինված հակամարտությունը դադարեցնելու եւ լուծարվելու մասին որոշում կկայացնի»,- գրում է Hürriyet-ի սյունակագիր Աբդուլքադիր Սելվին։
Ավելի վաղ թուքական Sözcü թերթը, հղում կատարելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ PKK-ն, որի հիմնական ուժերը տեղակայված են Իրաքում, մայիսի 5-ին իրաքյան Քրդստանի Սուլեյմանիա քաղաքում կարող է համագումար անցկացնել, որտեղ էլ կորոշվի կառույցի ինքնալուծարման հարցը։ PKK-ի զինաթափման եւ լուծարման գործընթացը, ըստ հրապարակման, նախատեսվում է ավարտել մինչեւ հունիս։
Փետրվարի 27-ին Օջալանը, որը բանտարկված է Մարմարա ծովի Իմրալի կղզում, PKK-ի հետ կապված բոլոր խմբավորումներին կոչ էր արել վայր դնել զենքերը, դադարեցնել հակամարտությունը Թուրքիայի հետ եւ լուծարել կազմակերպությունը։ Ի պատասխան այս կոչի՝ մարտի 1-ին PKK-ն հայտարարեց հրադադարի մասին եւ պատրաստակամություն հայտնեց ինքնալուծարման հարցը քննարկելու համար համագումար հրավիրել։
Թուրքիայի եւ PKK-ի միջեւ հակամարտությունը շարունակվում է 1984 թվականից: Թուրքական իշխանությունները PKK-ն համարում են ազգային անվտանգության սպառնալիք եւ պարբերաբար հարձակումներ իրականացնում կառույցի ռազմական հենակետերի դեմ։ Բացի այդ՝ հենց PKK-ի դեմ պայքարի շրջանակում է, որ Թուրքիայի բանակը մի քանի խոշորամասշտաբ գործողություններ է իրականացրել Հյուսիսային Իրաքում եւ Սիրիայում: