Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը առաջին անգամ Բաքվի բանտից ընտանիքի անդամների հետ հեռախոսազրույցի ժամանակ ձայնագրություն է փոխանցել, որում նա կտրականապես հերքել է նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցների տարածած այն տեղեկությունները, թե տված ցուցմունքում հայկական կողմին է մեղադրել 1992 թվականին Իվանյանում (Խոջալուում) տեղի ունեցած իրադարձությունների համար։
Բաբայանի ուղերձում, որը հրապարակել է 168․am-ը, մասնավորապես ասվում է․
«Սիրելի՛ բարեկամներ, ժողովո՛ւրդ:
Ես ուզում եմ դիմել ձեզ բոլորիդ ու ասել՝ մի՛ անհանգստացեք, ամեն ինչ նորմալ է մեզ հետ: Նոր այստեղի լրատվամիջոցներով տեղեկություն է դուրս եկել 1992թ. Իվանյանի դեպքերի մասին իմ ասածի լրիվ հակառակի մասին: Նրանք մեկնաբանել են մի ձեւ, ես ասել եմ լրիվ հակառակ բան:
Ես ասել եմ, որ այդ դեպքերի պատասխանատուն հենց այս՝ ադրբեջանական կողմն է, եւ դա եղել է ներիշխանական պայքարի արդյունք: Բացի դրանից, ես երբեք չեմ ասել, որ գոյություն ունի Իվանյանի ազատագրման համար պարգեւ: Դա նույնպես սխալ է ձեւակերպված: Վաղը ես դատական նիստի ժամանակ դրա մասին բարձրաձայնելու եմ
Ընդհանուր առմամբ նորմալ ենք: Շատ լավ են վերաբերվում, հատկապես՝ մեկուսարանում: Որեւէ խնդիր չունենք: Մի անգամ նույնիսկ վատ խոսք չեն ասել, սուր հայացք չեն նետել մեր ուղղությամբ:
Ամեն ինչ նորմալ է նաեւ դատարանում: Ավելին, եթե նոմալ չլիներ, այսպիսի քննարկումներ չէինք անի: Շատ թեժ է երբեմն անցնում, բայց միշտ քաղաքակրթության սահմաններում: Մնացածը ամեն ինչ նորմալ է: Իհարկե, շատ ենք կարոտում մեր ընտանիքներին: Իհարկե, շատ ենք մտահոգված մեր հայ ազգի ճակատագրի մասին, գիշեր-ցերեկ մտածում ենք, բայց ամեն ինչ նորմալ պիտի լինի:
Վաղը Հայոց մեծ եղեռնի 110-րդ տարելիցն է: Հոգով-մտքով ձեզ հետ ենք: Հոգով-մտքով ես լինելու եմ նաեւ Ծիծեռնակաբերդում: Լավ եղեք, պինդ եղեք, մեր մասին մի՛ մտածեք»։
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Բաբայանի հարցաքննությունը տեղի է ունեցել ապրիլի 21-ին կայացած դատական նիստի ընթացքում։ Այդ նույն օրը Իվանյանի դեպքերի վերաբերյալ հարցաքննվել են նաեւ Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Բակո Սահակյանը, Արկադի Ղուկասյանը եւ պաշտպանության նախկին նախարար Լեւոն Մնացականյանը։