ԱՄՆ-ը խաղաղ կարգավորման ծրագրի շրջանակում Ուկրաինայից չի պահանջում ճանաչել Ղրիմի նկատմամբ Ռուսաստանի ինքնիշխանությունը։ Այդ մասին Դոնալդ Թրամփը գրել է Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփի խոսքերով՝ Զելենսկու հայտարարությունն այն մասին, որ Ուկրաինան իրավականորեն երբեք չի ճանաչի Ղրիմը որպես ռուսական, «շատ է վնասում Ռուսաստանի հետ խաղաղ բանակցություններին»։ Նա ընդգծել է, որ Ուկրաինան կորցրել է թերակղզին «շատ տարիներ առաջ», երբ ԱՄՆ-ի նախագահը Բարաք Օբաման էր, եւ որ այժմ դա «նույնիսկ քննարկման առարկա չէ»։
«Ոչ ոք Զելենսկուց չի պահանջում Ղրիմը ճանաչել որպես ռուսական տարածք, բայց եթե նա ուզում է Ղրիմը, ապա ինչո՞ւ նրանք դրա համար չեն պայքարել տասնմեկ տարի առաջ, երբ այն հանձնվեց Ռուսաստանին առանց միակ կրակոցի»,- ասվում Թրամփի գրառման մեջ:
Թրամփը նաեւ ավելացրել է , որ կողմերը «շատ մոտ են» համաձայնության հասնելուն, եւ պահանջել է, որ Զելենսկին, որին ԱՄՆ նախագահը գրառման մեջ անվանել է «մարդ, ով ձեռքին խաղաքարտեր չունի», հաստատի այդ գործարքը։
Ապրիլի 23-ին Լոնդոնում պետք է տեղի ունենային ԱՄՆ-ի, Ուկրաինայի, Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Մեծ Բրիտանիայի ԱԳ նախարարների բանակցությունները։ Նախատեսվում էր, որ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Կիեւին եւ նրա եվրոպական դաշնակիցներին կներկայացնի Թրամփի խաղաղության ծրագրի մանրամասները։ Սակայն ավելի ուշ Ռուբիոն հրաժարվել էր հանդիպմանը մասնակցելուց, եւ բանակցությունները ձախողվել էին։ Այդ նույն օրը Զելենսկին հայտարարել էր, որ «Ուկրաինան իրավականորեն չի ճանաչում Ղրիմի օկուպացիան»։ Այս հայտարարությունը նա արել էր մամուլում տեղ գտած այն արտահոսքի ֆոնին, որի համաձայն՝ ԱՄՆ-ը կողմերին առաջարկել էր ճանաչել Ղրիմը որպես ռուսական տարածք։