Սիրիայի անցումային շրջանի նախագահ Ահմեդ ալ-Շարաան The New York Times-ին տված հարցազրույցում հաստատել է տեղեկությունները, որ Դամասկոսը երկրի նախկին նախագահ Բաշար ալ-Ասադի արտահանձնման խնդրանքով դիմել է Մոսկվային, սակայն մերժում է ստացել։
Շարաայի խոսքերով՝ այս իրադարձությունը տեղի է ունեցել դեռեւս հունվարին։ Ասադի արտահանձնելու համար Ռուսաստանին ուղղված խնդրանքի մասին տեղեկությունները շրջանառվել էին մամուլում, սակայն այժմ այն հաստատվում է պաշտոնապես։
Միեւնույն ժամանակ Շարաան հասկացնել է տվել, որ նոր իշխանությունները չեն հրաժարվում Մոսկվայի հետ համագործակցությունից։ Նա նշել է, որ Սիրիայի ունեցած ամբողջ ռազմական տեխնիկան ՌԴ-ից է, եւ որ Սիրիան գլխավորապես հենվում է Ռուսաստանից ստացվող սննդամթերքի եւ էներգիայի մատակարարումների վրա։
Ասադի վարչակարգը տապալվեց 2024 թվականի դեկտեմբերին։ Ինքը՝ նախկին նախագահը եւ ընտանիքի անդամները, ապաստանեցին Ռուսաստանում։
Սիրիայում տեղակայված են Ռուսաստանի երկու ռազմաբազաներ. մեկը Տարտուս նավահանգստային քաղաքում ՌԴ ռազմածովային ուժերի նյութատեխնիկական ապահովման կետն է, մյուսը՝ Լատակիայի նահանգի Հմեյմիմ ավիաբազան։ Այս բազաները ռազմավարական նշանակություն ունեն Ռուսաստանի համար։ Սիրիայի նոր իշխանությունները նշել են, որ կարող են պահպանել այս բազաները, եթե որոշեն, որ դա շահավետ կլինի երկրի համար։