«Պետություն եւ պետական շահեր, Հայաստանի Հանրապետություն՝ միջազգայնորեն ճանաչված տարածքով, հարեւանների հետ կարգավորված հարաբերություններով, բաց սահմաններով, խաղաղություն, աշխատանք, բարեկեցություն, ազատ եւ պաշտպանված քաղաքացի․ ահա թե ինչը, ովքեր եւ ինչպես պիտի վառ պահեն Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը, ահա թե ինչպես պետք է վերապրենք Մեծ Եղեռնի ողբերգությունը»։ Այդ մասին ասվում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության մեջ։
Նշելով, որ այսօր ոգեկոչվում է 1915 թվականից ահագնացած Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը՝ վարչապետը ընդգծել է, որ Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում տեղի ունեցած այդ իրադարձությունները խոր հետք են թողել յուրաքանչյուր հայի հոգու եւ գիտակցության մեջ, իսկ «Հայաստանի շատ քաղաքացիների համար ցեղասպանությունը ոչ միայն ազգային, այլեւ ընտանեկան, անձնական ողբերգություն է»։
«Այս ողբերգությունը վերապրելը վերջին ավելի քան մեկդարյա մեր ազգային օրակարգի առանցքային հարցերից է՝ անկախ նրանից, թե որքանով է ձեւակերպված եղել որպես այդպիսին»,- նշել է Փաշինյանը։
Վարչապետը նշել է, որ նշյալ օրակագրի շուրջ իր եւ ՀՀ Կառավարության մտորումները հանգել են այն եզրահանգմանը, որ «զարգացած, ինքնիշխան, անվտանգ, այսինքն՝ սահմանազատված եւ սահմանագծված սահմաններով Հայաստանի Հանրապետությունն է Մեծ Եղեռնի ողբերգությունը վերապրելու միջոցը, մեր ժողովրդի բոլոր զոհողություններին եւ զոհերին մեր հավատարմության առհավատչյան»։
Փաշինյանի գնահատմամբ՝ այս ճանապարհով գնալը լավատեսության կամ հոռետեսության հարց չէ, այլ առաքելության եւ Հայաստանի Հանրապետություն, հայրենիք-պետություն հարտեւությունը պահպանելու միջոց, որը վաստակել է հայ ժողովուրդը եւ չպետք է բաց թողնել։
«Ու համոզված եմ, մենք՝ ժողովուրդն ու նրա ընտրած կառավարող թիմը, բաց չենք թողնի այս հնարավորությունը հանուն մեր նահատակների եւ հանուն մեր սերունդների»,- ասվում է Փաշինյանի ուղերձում։
Հազարավոր մարդիկ այսօր վաղ առավոտից Երեւանում այցելում են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցում 20-րդ դարի սկզբին Ցեղասպանության զոհ դարձած ավելի քան մեկուկես միլիոն հայերի հիշատակին: