Հայաստանի Հանրապետությունն այսօր հիշում է անցյալը եւ նայում ապագային՝ ձգտելով գալիք սերունդների համար կառուցելու խտրականությունից եւ բռնությունից զերծ, հանդուրժողականության, հարգանքի, մարդու իրավունքների պաշտպանության եւ խաղաղության արժեքների վրա հիմնված միջավայր: Այդ մասին ասվում է ՀՀ արտգործնախարարության հայտարարության մեջ՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին։
«Օսմանյան կայսրության գոյության վերջին շրջանում հայ ժողովրդի մի զգալի հատված, որոնց թվում՝ երեխաներ, կանայք, տարեց մարդիկ, բնաջնջվեցին իրենց ազգային պատկանելության հիմքով, յուրացվեց նրանց նյութական սեփականությունը, ոչնչացվեց հազարամյակների տարեգրություն ունեցող պատմամշակութային հարուստ ժառանգության մի զգալի մասը»,- ասվում է հայտարարության տեքստում:
Գերատեսչությունը նշում է, որ Հայոց ցեղասպանության նման ոճրագործությունները կանխելու հրամայականի գիտակցումն էր նաեւ, որ հանգեցրեց Ցեղասպանության հանցագործությունն իրավաբանորեն սահմանելու անհրաժեշտությանը, որը դրսեւորվեց «Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու եւ պատժելու մասին» 1948 թվականի ՄԱԿ-ի կոնվենցիայի ընդունմամբ:
«Մեծ Եղեռնը ցավալիորեն ոչ միայն չմնաց 20-րդ դարի՝ մարդկության դեմ ուղղված վերջին ոճրագործությունը, այլեւ ատելության, ռասայական եւ էթնիկ անհանդուրժողականության հիմքով նոր զանգվածային հանցագործությունների շարունակում ենք ականատես լինել նաեւ 21-րդ դարում», -ասվում է հայտարարության տեքստում:
Դրանում նաեւ ավելացվում է, որ Հայաստանը շարունակում է ակտիվորեն ներգրավված լինել այն նախաձեռնություններում, որոնք միտված են նման հանցագործությունների միտումները վաղ շրջանում հայտնաբերելուն, դրանց արագ արձագանքելուն, կանխարգելելուն եւ այդ հանցագործությունները բացառելուն:
Գերատեսչությունը հիշեցնում է, որ 2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ը ամրագրվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության եւ այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:
Բացի այդ, որպես շարունակություն նախորդ տարիներին ընդունված բանաձեւերի, 2024 թվականի ապրիլին եւս ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 55-րդ նստաշրջանում կոնսենսուսով ընդունվել է Հայաստանի ներկայացրած «Ցեղասպանության կանխարգելում» բանաձեւը:
«Այս բոլոր ջանքերն ուղղված են նրան, որ «այլեւս երբեք»-ը կարգախոսից վերածվի իրականության»,- ասվում ՀՀ ԱԳՆ հայտարարության մեջ: