Հնդկաստանն ամբողջությամբ փակել է Ինդոս գետի բոլոր չորս շլյուզները, որի հետեւանքով դադարել է ջրի հոսքը դեպի Պակիստանի ջրամբարներ եւ ջրանցքներ։ Այս մասին հայտնում է հնդկական ANI News գործակալությունը։ Պակիստանը ավելի վաղ զգուշացրել էր, որ Հնդկաստանի կողմից Ինդոս գետի հոսքը դադարեցնելու կամ փոխելու ցանկացած փորձ կդիտարկի որպես պատերազմական գործողություն։
1960 թվականին Ինդոս գետերի մասին պայմանագրի ստորագրումից հետո, որը երկու կողմերին պարտավորեցնում էր կիսել ջրային ռեսուրսները՝ անկախ ունեցած քաղաքական տարաձայնություններից, սա նման բլոկադայի առաջին դեպքն է։
Ապրիլի 24-ին Պակիստանը փակեց իր օդային տարածքը Հնդկաստանի համար եւ հնդիկ ռազմական խորհրդականներին հայտարարեց անցանկալի անձինք։ Ի պատասխան՝ Հնդկաստանը դադարեցրել է վիզաների տրամադրումը Պակիստանի քաղաքացիներին եւ չեղարկել է արդեն տրված վիզաները։
Երկրների միջեւ լարվածությունը կտրուկ աճել է ապրիլի 22-ին Հնդկաստանի դաշնային տարածք Ջամմուում եւ Քաշմիրում տեղի ունեցած ահաբեկչական հարձակումից հետո, որի հետեւանքով զոհվել էր 26 մարդ։