Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հունվարի 18-ին ընդունել է Կովկասում եւ Կենտրոնական Ասիայում ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինա Պիրիսին եւ նրա գլխավորած պատվիրակությանը։
Խավիեր Կոլոմինա Պիրիսը նշել է, որ հետաքրքրված են Հայաստանում մարդու իրավունքներով, կառավարման համակարգով եւ Լաչինի միջանցքի շրջափակումով։ ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչը նշել է, որ ծանոթացել է ՄԻՊ-ի հրապարակած արտահերթ զեկույցներին, որտեղ ներկայացվել են Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ փաստեր։
ՄԻՊ-ը ներկայացրել է Լաչինի միջանցքի շրջափակման վերաբերյալ հաստատության կատարած փաստահավաք աշխատանքները, որոնք մի քանի անգամ վերստուգվում են, ապա հրապարակվում զեկույցներում։ Զեկույցները ներկայացվում են միջազգային կառույցներին եւ դերակատարներին։ Գրիգորյանն անդրադարձել է նաեւ հունվարի 17-ին ադրբեջանական կեղծ էկոակտիվիստների՝ Հայաստանից Արցախ մեկնող երեխաներին ահաբեկելու դեպքի մասին: ՄԻՊ-ն այս տեսակի արարքը համարել է երեխայի իրավունքների կոպտագույն խախտում, որը պետք է արժանանա երեխայի իրավունքներով զբաղվող միջազգային կազմակերպությունների պատշաճ գնահատականին։
ՆԱՏՕ-ի հատուկ ներկայացուցիչը կարեւորել է Հայաստան ժամանելն ու իրավիճակին տեղում ծանոթանալը։