Նկատի ունենալով, որ կլիմայի փոփոխության ազդեցության ամենախոցելի խմբում են երեխաներն ու երիտասարդները՝ Հայաստանը միացել է «Երեխաների, երիտասարդների եւ կլիմայի գործողությունների մասին միջկառավարական հռչակագրին»: Հունվարի 18-ին հռչակագիրը ստորագրել են ՀՀ շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ու Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը։ Այսպիսով՝ Հայաստանը դարձել է հռչակագրին միացող 38-րդ, իսկ տարածաշրջանում՝ առաջին երկիրը:
Հայաստանը պարտավորվում է կլիմայի փոփոխության մեղմացմանն ուղղված գործողություններում ապահովել երեխաների եւ երիտասարդների ներգրավվածությունը, ինչպես նաեւ նախատեսել ու կատարել երեխաների առողջ շրջակա միջավայրի անօտարելի իրավունքի ամրագրմանն ուղղված քայլեր: Ենթադրվում է, որ կլիմայի փոփոխության հարմարվողականության, աղետների ռիսկի նվազեցման եւ մեղմման միջոցառումներում պետք է հաշվի առնվեն թիրախ խմբի կարիքներն ու նրանց մասնակցությունը կլիմայի փոփոխությանն առնչվող որոշումների կայացման գործընթացում։
Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը նշել է, որ կլիմայի փոփոխության պատճառով բարձրացել է օդի միջին ջերմաստիճանը, եւ այն շարունակելու է բարձրանալ՝ հանգեցնելով ավելի կտրուկ եղանակային երեւույթների, բերքի չորացման եւ նվազման դեպքերի հաճախականության, սակավաջրության ավելացման: «Երեխաներն այս սպառնալիքների կիզակետում են: Վերջին տարիներին ականատես ենք եղել, թե ինչպես են երեխաները եւ երիտասարդները միավորվել քայլեր անելու կոչերով»,- շեշտել է Վայգանդը:
ՀՀ շրջակա միջավայրի նախարար Սիմիդյանն իր հերթին նշել է, որ հռչակագիրն էական փոփոխությունների հիմք կլինի ոլորտի մասին գիտելիքների, տեղեկության ստացման համար։ «Այսօրվա մեր կատարած աշխատանքն ապագա սերնդին ավելի շատ իրազեկվածություն եւ ներառականություն կապահովի»,- հավելել է նախարարը։
Արձանագրելով, որ Հայաստանում նկատելի է կլիմայի փոփոխության բացասական ազդեցության մասին անհրաժեշտ գիտելիքի պակաս եւ իրազեկվածության ցածր մակարդակ՝ կողմերը կարեւորել են կլիմայի փոփոխությանը հարմարվելու տեսանկյունից թիրախ խմբին անհրաժեշտ տեղեկության տրամադրումը: Կողմերը համոզմունք են հայտնել, որ դա էապես կնպաստի երիտասարդների ներուժի հզորացմանը՝ կլիմայի փոփոխության հետեւանքների մեղմմանը։ Հռչակագրի իրագործմանը կմասնակցեն 33 խոշորացված համայնքների 463 բնակավայրերի շուրջ 25 հազար երեխաներ եւ երիտասարդներ։
Շրջակա միջավայրի նախարարությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի եւ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի (ԿԳՄՍ) նախարարության հետ համատեղ կրթական ոլորտի օրենսդրության փոփոխության շրջանակում նոր լուծումներ պետք է գտնի երեխաների եւ երիտասարդների իրազեկվածության մակարդակի բարձրացման նպատակով:
Բնօգտագործման եւ բնապահպանության մասնագետ եմ։ Ունեմ նաեւ լրագրողի շուրջ 15-ամյա փորձ։ Զույգ մասնագիտություններս հաջողությամբ համատեղում եմ հասարակական գործունեության հետ՝ հանուն բնության եւ առողջ միջավայրի։