ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 18-ին հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։ Զրուցակիցները քննարկել են Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակման հետեւանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ծանր իրավիճակը:
Վարչապետը նշել է, որ Լաչինի միջանցքի արգելափակմամբ Ադրբեջանը հերթական անգամ դիմում է սադրիչ գործողության եւ փաստացի խախտում 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունը:
ԱՄՆ պետքարտուղարն ընդգծել է Լաչինի միջանցքի անխափան գործունեության կարեւորությունը եւ նշել ԱՄՆ պատրաստակամությունը՝ շարունակելու նպաստել այդ խնդրի լուծմանը:
Զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման, ԼՂ ժողովրդի իրավունքների պաշտպանության եւ անվտանգության ապահովման, տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման, Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման հարցերի շուրջ: