Եթե մենք ցանկանում ենք այս տարածաշրջանում ապրել խաղաղ, եթե չենք ցանկանում փոխանցել սերունդներին այն վիճակը, ինչ ունենք այսօր, եթե չենք ցանկանում, որ մեզնից հետո ապրողները, ինչպես մենք, անցնեն կորուստների եւ անվերջանալի պատերազմների ճանապարհով, ուրեմն պետք է զրուցենք մեր հարեւանի հետ։
Որքան էլ այդ զրույցը լինի ցավոտ։ Որքան էլ մեր հարեւանը լինի մեզ անցանկալի։ Նա է մեր հարեւանը։ Մեր հակառակորդը նա է, նրա հետ է պետք զրուցել։ Հակառակորդի հետ զրույցը պարտադիր է։ Այսօրվա ու վաղվա մասին է պետք զրուցել։ Համատեղ ու խաղաղ ապրելու մասին չընդհատվող զրույց է պետք։
Հաճախ են հնչում տեսակետներ, թե մեր հարեւանը (հակառակորդը, թշնամին) զրույցի պատրաստ չէ, զրույցի անվան տակ անընդունելի պայմաններ է առաջ քաշում։
Այո՛, իհարկե, զրույցը դժվար է։ Այսօր այն հատկապես դժվար է։ Մեզ, իրոք, պայմաններ են թելադրում։ Բայց զրույցը հենց այս մասին էլ պետք է լինի։ Պետք է խոհեմ, մտածված ու այնպիսի հիմնավորված զրույց կարողանանք վարել, որ նրանց թելադրած պայմաններից խուսափենք։ Զրույցը պետք է ընդհանուր հայտարար գտնելու մասին լինի։
Զրույցից հրաժարվելն է մեզ այս հանգրվան հասցրել։ Հեռավոր 1998-ից սկսած, երբ մեծ էին մեր հնարավորությունները։ Խաբեցինք ինքներս մեզ, թե լուծել ենք խնդիրը, թե զրուցելու թեմա չկա, թե կհամակերպվի հակառակորդն իր կորուստների ու մեր պարտադրանքների հետ։ Մեր ուժի ու մեր հնարավորությունների մասին առասպելներ հյուսեցինք, 23 տարի ապրեցինք այդ առասպելներով ու հասանք 2020-ի պատերազմին ու պարտությանը։
2020-ի նոյեմբերից բոլորովին այլ իրողություն է: Եթե անհեռատես գտնվենք ու մերժենք այսօրվա զրույցը՝ պատճառաբանելով, թե մեր զրուցակիցը մեզ անընդունելի պահանջներ է ներկայացնում, ապա վաղը կարող ենք էլ ավելի վատ վիճակում հայտնվել։ Ժամանակը մեր դեմ է աշխատում։
Այսօր 1998-ին ունեցած մեր հնարավորությունների մասին երազել անգամ չենք կարող։ Ավելին՝ այսօրվա մեր վիճակի համեմատ մինչեւ 2020-ի աշուն սեղանին եղած առաջարկություններից ցանկացածը, ամենավատ տարբերակն անգամ, ցանկալի, բայց անհասանելի է։ Մենք ենք կորցրել մեր հնարավորությունները։ Այլ մեղավորներ չկան։ Նոր իրավիճակ է ու նոր պայմաններ։
Իհարկե, այսօր հեշտ զրույց չի լինելու։ Այն էապես տարբերվելու է նախկին զրույցներից։ Նախկինում մենք պարտված չէինք, խոսում էինք հաղթածի դիրքերից։ Իսկ այսօր պարտված ենք։ Մեր պարտությունը մեր հարեւանին սանձարձակ է դարձրել։
Այո՛, նրանք թելադրում են։ Այո՛, նրանք ցանկանում են տանել այնքան, որքան կարող են։ Այո՛, նրանք Արցախի հարցն են ցանկանում փակել։ Այո՛, նրանք Հայաստանի սուվերեն տարածքից կտորներ են ցանկանում պոկել։ Այո՛, նրանք մեր պարտությունն ավելի ու ավելի են խորացնում։
Բայց հենց այս պարագայում է զրույցն ավելի քան կարեւոր։ Հենց այս վիճակը շտկելու համար է պետք գնալ ցրույցի։ Զրույցը մեզ է անհրաժեշտ։ Մեր հակառակորդը շտապելու ոչինչ չունի։
Եթե այսօր, այս պահին բանակով չենք կարողանում կասեցնել նրանց առաջխաղացումը, ուրեմն պետք է փորձենք դա անել պայմանավորվելով։ Վաղը կլինի նոր վիճակ, կխոսենք ելնելով նոր վիճակից։
Խոսակցությունները, թե պետք է ուժ հավաքենք ու նոր գնանք զրույցի, որ մեր հակառակորդն ընկրկի, ցանկալի, բայց իրականանալի չեն։ Դրա համար հսկայական ժամանակ է պետք ու մեծ հնարավորություններ։ Իսկ մենք, ի տարբերություն մեր հակառակորդի, չունենք ո՛չ բավարար ժամանակ եւ ո՛չ էլ բավարար հնարավորություններ։ Մեր հակառակորդը չի նստելու անգործ ու մեր ուժեղանալուն չի սպասելու։ Նրանք այսօր են հզորացնում իրենց բանակը։ Այսօր են ամրապնդում իրենց դիրքերը։ Այսօր, հենց այս պահին են առաջ շարժվում։ Այսօր են մեզ նորանոր վերջնագրեր ներկայացնում։ Հետեւաբար այսօր է պետք լուծել այսօրվա խնդիրը։ Վաղն ուշ է լինելու։
Զրույց պետք է լինի բոլոր մակարդակներում ու բոլոր հարթակներում։ Զրույցին զուգահեռ, որպես պարտադիր պայման, Հայաստանը պետք է հասկանալի ու կանխատեսելի երկրի համարում ձեռք բերի։ Պետք է տեղավորվի աշխարհում ընթացող զարգացումների համատեքստում՝ գիտակցի իր կարողություններն ու դիրքավորվի ըստ այդմ։ Այս դեպքում կարող ենք ունենալ ե՛ւ աջակիցներ, ե՛ւ շահագրգիռ միջնորդներ, որոնց մասնակցությունը կհեշտացնի հարեւանի հետ զրույցը եւ մեր պարտության վերջակետը դնելու հնարավորություն կստեղծի։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։