Հունվարի 19-ին՝ 01:30-ի սահմաններում, դեռեւս չպարզված հանգամանքներում հրդեհ է բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված պաշտպանության նախարարության N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում։ Հրդեհի հետեւանքով, նախնական տվյալներով, զոհվել է 15 զինծառայող, 3 զինծառայողի վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, ընթանում է նախաքննություն:
Պաշտպանության նախարարությունից հայտնել են, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում տեղի ունեցած հրդեհի առնչությամբ 2-րդ բանակային կորպուսի հրամանատար Վահրամ Գրիգորյանը եւ ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության հրդեհային անվտանգության ծառայության պետ, գնդապետ Սարգիս Մազմանյանը ազատվել են զբաղեցած պաշտոններից։
Ըստ «Առաջինի լրատվական ալիք»-ի՝ պաշտոնից ազատվել են նաեւ 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի՝ մարտական հերթապահության գծով տեղակալը, 2-րդ բանակային կորպուսի շտաբի պետ-կորպուսի հրամանատարի տեղակալ, գնդապետ Միհրան Մախսուդյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի տեղակալ թիկունքի եւ ԿՇԾ գծով, թիկունքի պետ գնդապետ Շիրազ Խաչատրյանը, 2-րդ բանակային կորպուսի հրամանատարի մարտական հերթապահության գծով տեղակալ գնդապետ Արթուր Օհանյանը: